ՌԴ-ն ոչ մի կերպ չի պատրաստվում միջամտել ՀՀ ԱԺ ընտրություններին, որ չասեն՝ Մոսկվան խառնվեց. Կոնստանտին Զատուլին

16:47 • 30.11.18

Մոսկվան հետևում է Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Նա նշեց, որ Ռուսաստանը ոչ մի կերպ չի պատրաստվում միջամտել, խառնվել Հայաստանի ընտրություններին: «Մենք չենք մեկնաբանում նախընտրական պայքարը, չենք ուզում, որ ասեն, թե Մոսկվան խառնվեց, դրա համար մենք հաղթեցինք կամ պարտվեցինք։ Այնպես որ, ես էլ չեմ ասի, թե ով է մեզ դուր գալիս, ով դուր չի գալիս», - նշեց Կոնստանտին Զատուլինը՝ հավելելով, որ ինքը հարգում է Հայաստանը որպես դաշնակից երկիր:

Խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող սպառազինության մասին՝ Զատուլինն ասաց, որ հարցին պետք է ուշադրություն դարձնել, որովհետև դրա պատճառով Հայաստանում մտահոգություններ են առաջանում:

Ինչ վերաբերում է Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքին, փորձագետը պատասխանեց. «Բելառուսի առումով ես դատել չեմ կարող։ Կարող եմ ասել, որ հարցը պետք է քննարկել ՀԱՊԿ շրջանակներում, ու եթե դա դուրս է գալիս գործընկերային պարտավորություններից, այդ առումով պետք է որոշակի որոշումներ ընդունվեն։ Որքանով ես գիտեմ, մինչ այժմ ոչ մի պաշտոնական արգելքի կամ թույլտվություն սպառազինության գնման վերաբերյալ չի եղել», - ասաց Կ. Զատուլինը։

Նա շեշտեց, որ Ռուսաստանը Ադրբեջանին սպառազինությունը վաճառում է, իսկ Հայաստանին՝ տրամադրում: Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ «Լազարևյան ակումբի» նիստին ներկա չէ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ով հրավիրվածների ցուցակում կար, նա պատասխանեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը որոշակի լարվածություն է առաջացրել նիստի մասնակիցների շրջանում:

«Լարվածություն է առաջացրել մեր որոշ մասնակիցների մոտ, նրանցից մեկը՝ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ասել է. «ավելի լավ է՝ ես չգամ, որպեսզի ինձ չտան այդ հարցերը», չգիտեմ՝ ես իրավունք ունե՞մ այդպես ասելու, բայց ինձ թվաց, որ նա չէր ցանկանում պատասխանել այդ հարցերին, ես էլ չեմ ցանկանում պատասխանել մի պարզ պատճառով, քանի որ այդ հարցը կքննարկվի դեկտեմբերի 6-ին», - ասաց Կ. Զատուլինը: