Մի քանի օրից մեկնում եմ Հայաստանից, իսկ ԵՄ դատախազությունում աշխատելու առաջարկն ինձ արվել է՝ հաշվի առնելով երկու կոմպոնենտ. Գևորգ Կոստանյան (տեսանյութ)

21:17 • 30.11.18

ՄԻԵԴ-ում  ՀՀ նախկին ներկայացուցիչ և Նախարարների կոմիտեում ՀՀ պատվիրակության նախկին ղեկավար, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մեկնում է Ստրասբուրգ՝ ԵՄ դատախազության կազմավորման աշխատանքներին մասնակցելու համար:  Tert.am-ի հետ զրույցում Գևորգ Կոստանյանն անդրադարձել է աշխատանքային առաջարկին, ԵՄ դատախազության գործառույթներին և այլ հարցերի:

-Պարո՛ն Կոստանյան, հայտնի է, որ Դուք ընդունել եք ԵՄ դատախազությունում աշխատանքի անցնելու առաջարկը, որն սկսելու է գործել 2020 թվականից: Սակայն,  մինչ այդ էլ մասնակցելու եք նոր դատախազության կազմավորման աշխատանքներին: Ե՞րբ եք մեկնում Հայաստանից, և կարելի՞ է ասել, որ Ձեր մեկնումը վերջանական է:

-Այո՛, ընդունել եմ ԵՄ դատախազությունում աշխատանքի անցնելու առաջարկը, բայց մինչ դա ես ներառվում եմ որոշակի ծրագրերի իրագործման մեջ՝ Եվրոպայի խորհրդի երիտասարդ ժողովրդավարության դատախազության բարեփոխումների գործընթացներում, որը նաև նախապայման է Եվրամիության դատախազության աշխատանքներին մասնակցելու համար, որովհետև ես ԵՄ երկրի քաղաքացի չեմ և  որպեսզի կարողանամ Եվրամիության դատախազությունում աշխատանքի անցնել, ես պետք է այդ աշխատանքներում ներգրավված լինեմ հատկապես դատախազության բարեփոխումների մասով:
 
Մի քանի օրից մեկնում եմ երկրից, բայց կարճ ժամականով, ծրագրերին կմասնակցեմ, կվերադառնամ: Վստահաբար, նոր տարվա տոներին այստեղ եմ գտնվելու, նոր տարին անցկացնելու եմ իմ ընտանիքի հետ, հետո արդեն կորոշեմ, թե ինչքան ժամանակով եմ գնում, պայմանագիրը կկնքվի հետո:

-Դուք այնտեղ հրավիրվում եք որպես ՀՀ նախկին գլխավոր դատախա՞զ, թե Ձեզ այնտեղ հրավիրում են որպես մասնագետի:

-Երկուսն էլ առկա են ինչ առումով. առաջնահերթ որպես գլխավոր դատախազ եմ հրավիրվում, որովհետև իմ գլխավոր դատախազ պաշտոնավարման ժամանակահատվածում բավականին ակտիվ մասնակցել եմ Եվրոպայի խորհրդի գլխավոր դատախազների ասոցիացիայի և Գլխավոր  դատախազների միջազգային ասոցիացիայի աշխատանքներին  ոչ միայն Հայաստանի դատախազության մասով, այլ Դատախազների միջազգային ասոցիացիայի շրջանակներում ես ակտիվ գործուենություն էի իրականացնում նաև այլ երկրների դատախազական գործունեության արդյունավետության բարձրացման հարցերի շուրջ: Այսինքն՝ առաջնահերթ հրավիրվում եմ որպես նախկին գլխավոր դատախազ, բայց միաժամանակ ոչ միայն որպես նախկին գլխավոր դատախազ, որովհետև ես 2004-ից և՛ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչն եմ եղել, և՛ Նախարարների կոմիտեում Հայաստանի պատվիրակության ղեկավարն եմ եղել, և՛ ուղղակի ու անուղղակի ներգրավված եմ եղել ՄԱԿ-ի շրջանակներում որոշակի գործընթացների մեջ, որոնք ուղղված են եղել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի կատարելագործմանն ու զարգացմանը: Այսինք՝ ինձ ուղղված առաջարկը երկու կոմպոնենտ է իր մեջ պարունակել:

-ԵՄ դատախազությունը, որը ձևավորվելու է 2020-ին որքանով կարող է առնչվել Հայաստանին:

-Հայաստանը սկզբնական ժամանակահատվածում չի առնչվելու ԵՄ դատախազությանը, որովհետև խոսքը վերաբերում է Եվրամիության կազմի մեջ ընդգրկվող պետություններում դատախազական գործուենությանը, բայց այդ, դատախազության մանդատի  մեջ  Եվրամիության կողմից պետություններին տրամադրվող գումարների ծախսման արդյունավետության նկատմամբ հսկողությունը ես չեմ բացառում: ԵՄ-ն գումար է  տալիս նաև ոչ անդամ պետություներին, ենթադրում եմ, որ որոշակիորեն մադատն այդ առումով կհստակեցվի, բայց սկզբնապես մանդատը վերաբերում է ԵՄ անդամ պետություններում կատարվող գործողություններին:

Իսկ ինչ վերաբերում է օբյեկտիվությանն ու անաչառությանը, ապա իմ գործունեությունը հիմնված է եղել բացառապես դրա վրա, անկախ դրանից, թե որտեղ կլինեմ ու ինչ պաշտոն կզբաղեցնեմ, այդ սկզբունքները ելակետային են անշեղորեն: