Տհաճ է, բայց դա իրենց խնդիրն է, մենք խոստացել ենք ապահովել բարձր մշակույթ. Լ. Շիրինյանը՝ քարոզարշավին հնչող վիրավորանքների մասին (տեսանյութ)
Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանի խոսքով ՝ քարոզարշավը լավ է ընթանում: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ իրենք որևէ մեկին չեն վիրավորում, որևէ մեկի պաստառը չեն ծածկում:
«Մենք մեր քարոզարշավն ենք անում, մնացածը մեզ հետաքրքիր չէ: Մենք դա անում ենք երկու սկզբունքով՝ գաղափարայնացնել ընտրարշավը և քաղաքականացնել գործընթացը»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ ինքը չի լսել, որ ամբիոններից քաղաքական ուժերը միմյանց հասցեին վիրավորանքներ հնչեցնեն: Դիտարկմանը, թե «Հանրապետական» կուսակցության անդամները դժգոհում են, որ ընտրարշավի ժամանակ իրենց հասցեին վիրավորանքներ են հնչում, իսկ «Իմ քայլը» դաշինքը շարունակում է իր կոշտ հռետորիկան, նա արձագանքեց․ «Տհաճ է, բայց դա իրենց խնդիրն է: Իրենք հարց ունեն, թող լուծեն քաղաքական իմաստով: Բայց երկրորդ մասը կա, մենք՝ ես անձամբ, Ձեզ խոստացել եմ ապահովել բարձր մշակույթ»:
Հարցին, թե արդյոք նկատո՞ւմ է՝ իրենց հետ այդ ուժերը մրցակցո՞ւմ են, Լևոն Շիրինյանը պատասխանեց՝ այդ հարցով ինքը ընդհանրապես չի հետաքրքրվում: «Ես գնում եմ իմ գաղափարներով, ձեզ հետ, իմ համախոհների հետ միասին»,- ասաց նա:
Ըստ Լևոն Շիրինյանի՝ ինքը, որպես քաղաքագետ, շարունակում է քաղաքական կանխատեսումներ անել ընտրական գործընթացների մասին: «Լինելու է ինտիգ: Ինտրիգը լինելու է Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդի կուսակցությունը: Ես, օրինակ, չեմ կարող պատկերացնել, որ քրիստոնյա Հայաստանը չհաղթի»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ իրենց գաղափարները քարոզչության ընթացքում շատ լավ ընկալվում են, անգամ սփյուռքից ասում են, որ իրենց կընտրեին: «Բայց ես կարծում եմ, որ հայրենիքում ավելի վատ չեն վերաբերում»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:










