Հայ-ռուսական հարաբերություններն այսօր հատուկ հոգատարության կարիք ունեն. Ռոբերտ Քոչարյան

18:34 • 30.11.18

Հայ-ռուսական հարաբերություններն այսօր հատուկ հոգատարության կարիք ունեն. Երևանում կազմակերպված «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստին իր ելույթի խոսքում հայտարարեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Հայաստանի ու հայության համար ավանդական աշխարհաքաղաքական առաջնահերթությունները փոխելու ուղիղ կամ անուղղակի կոչերը, անգամ կյանքի չկոչվելով, նշանակալի վտանգ են պարունակում: Սոցիալական կայքերն ու համացանցն այսօր մեծ հնարավորություն են տալիս ուղղորդելու հասարակական կարծիքը, հնարավորություն են տալիս ներդնել անվստահության էլեմենտներ մեր հասարակություններում միմյանց նկատմամբ, որն անխուսափելիորեն կհանգեցնի մեր տարիներ ձգվող կապերի էրոզիային»,-ասաց նա:

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ յուրաքանչյուր ընկերություն պահանջում է ջանքեր, իսկ ընկերությունը իրենց էներգիայի, ժամանակի և զգացմունքների կարիքն ունի: Նա նշեց, որ ընկերությունն, իհարկե, ունի իներցիա, բայց միայն իներցիայի վրա չի կարող զարգանալ և լինել կայուն:

«Հիշեք, թե մենք մեր կյանքում որքան ընկերներ ենք կորցրել միայն այն պատճառով, որ չենք ներդրել բավարար ջանքեր նրանց պահպանելու համար: Դա նման է երկկողմանի երթևեկությամբ փողոցի: Ընկերությունը դադարում է այն ժամանակ, երբ կասկածներ են առաջանում ընկերների մտադրության անկեղծության վերաբերյալ, և երբ կողմերից մեկը ձգտում է ստանալ ավելին, քան պատրաստ է ինքը տալ: Դժվար է ընկերություն անել միշտ խնդրողի, պնդաճակատի, բողոքողի հետ, նման հարաբերություններն անխուսափելիորեն փոխակերպվում են վասալային հարաբերությունների: Սա արդար է ոչ միայն անձնային, այլև միջկառավարական հարաբերությունների դեպքում»,-ասաց նա:

Երկորդ նախագահի խոսքով՝ հենց այստեղ, հենց միջկառավարական հարաբերություններում պետք է լինել հասկանալի, կանխատեսելի, վստահելի և մեկը մյուսին անհրաժեշտ գործընկերներ: «Երկրների միջև գործընկերությունը միայն շահերի համընկնում չէ, դա պետական շահերի և խորը մարդկային գործոնի սինթեզ է մեր հասարակությունների հարաբերություններում: Ես չեմ կարող նման գործոնների ուժեղ ազդեցությամբ երկրների հարաբերությունների օրինակներ բերել, ինչպես Հայաստանի և Ռուսաստանի դեպքում: Միայն քարտեզը և համաշխարհային գլոբուսը նայեք, նման օրինակներ գրեթե չկան: Այդ հարաբերությունները մենք ժառանգել ենք և ամենօրյա ջանքեր պետք է ներդնենք պահպանելու և զարգացնելու համար»,-ասաց նա և ավելացրեց, որ ինքը շատ կցանկանար, որ «Լազարևյան ակումբը» դառնար առանցքային գործիքներից մեկն այդ գործունեության համար, իսկ դա կախված է ակումբի անդամներից:

Ռոբերտ  Քոչարյանն ակումբին մաղթեց արդյունավետ աշխատանք, նաև   պատրաստակամություն հայտնեց հետագայում մասնակցել ակումբի աշխատանքներին՝ լինելով նաև բանախոսի դերում:

Ի դեպ, խոսքն ավարտելով՝ ՀՀ երկրորդ նախագահն իր հեղինակած գիրքը առաջինը նվիրեց Կոնստանտին Զատուլինին՝ գնահատելով հայ-ռուսական հարաբերությունում նրա կատարած աշխատանքը: