«Իմ քայլի» թեկնածուները ոտնահարում են օրենքը՝ փակցնելով իրենց քարոզչական նյութերը տաքսիների վրա, ինչն արգելված է ԸՕ-ով. Ա. Աշոտյան (լուսանկարներ)
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տեղադրել ու գրել, որ հերթական խախտումն է արձանագրել «Իմ քայլը» դաշինքի կողմից:
«Նրանց թեկնածուները համատարած ոտնահարում են օրենքը՝ փակցնելով իրենց քարոզչական նյութերը տաքսիների վրա, ինչը արգելված է Ընտրական օրենսգրքով:
Կոնկրետ այս նկարներում Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանն է»,-գրել է Արմեն Աշոտյանը:
Ներկայացնելով լուսանկարները նա ԿԸՀ և դիտորդների ուշադությունն է հրավիրել դրանց վրա: Ապա որպես հետգրություն նշել է. «Սա էլ հիշեցում օրենքից:
Ընտրական օրենսգիրք
Հոդված 21
2. Հանրության համար տեսանելի քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են փակցվել միայն`
2) ֆիզիկական անձանց համաձայնությամբ` նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների (բացառությամբ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, հանրակրթական դպրոցների, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի, հասարակական սննդի կամ առևտրի օբյեկտների), տրանսպորտային միջոցների (բացառությամբ հասարակական տրանսպորտի և տաքսու) վրա կամ դրանց ներսում:
Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են տեղադրվել միայն ֆիզիկական անձի սեփականությունը հանդիսացող տարածքում (այդ թվում` պատշգամբներում, պատուհանների վրա և այլն) կամ արտաքին պատերին տեղադրված վճարովի գովազդային վահանակների վրա»:

Նախընտրական պաստառները քարոզչության համար չնախատեսված վայրերում փակցնելու դեպքերի մասին ահազանգել է նաև ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Խաչիկյանը:
«Արտաքին գովազդ կարող է փակցվել միայն դրա համար հատկացված տեղերում, այնինչ «Իմ Քայլը» դաշինքի թեկնածուները որտեղ ազատ տարածք են տեսնում, իրենց պաստառներն են փակցնում:
Դա ընտրական օրենսգրքի կոպտագույն խախտում է, քանզի արտաքին գովազդ կարելի է կպցնել բացառապես դրա համար տրամադրված վայրերում, այդ թվում քաղաապետարանն է նման վայրեր սահմանել, և այն ինչ որ իրենք անում են, օրենքի լրջագույն խախտում է:
Հրավիրում եմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի և քաղաքապետարանի ուշադրությունը այս աղաղակող այլանդակության վրա»,-գրել է նա:











