Կոնգոյում Էբոլայի համաճարակն իր մասշտաբներով դարձել է պատմության մեջ երկրորդը

06:46 • 30.11.18

Էբոլայի համաճարակը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում համարվում է պատմության մեջ երկրորդն իր մասշտաբներով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Փրկության միջազգային կոմիտեին:

Կոմիտեի տվյալներով՝ նոյեմբերի 29-ի դրությամբ Կոնգոյում Էբոլիայի վիրուսով վարակվածների թիվը հասել է 426-ի: Ընդ որում՝ մարդկանց բուժօգնության տրամադրման գործընթացները դժվարանում են Հյուսիսային Կիվու նահանգում ծագած հակամարտության պատճառով, որտեղ ավելի քան 50 զինված խմբավորում է գործում:

Ավելի վաղ իր մասշտաբներով Էբոլայի երկրորդ խոշորագույն համաճարակը համարվում էր 2000 թվականին Ուգանդայում բռնկված համաճարակը, որտեղ 425 վարակվածի կեսից ավելիի կյանքը փրկել չհաջողվեց:

Պատմության մեջ Էբոլայի խոշորագույն համաճարակը բռնկվել է 2015 թվականին Արևմտյան Աֆրիկայում և տարածվել է հիմնականում Գվինեայում, Սիերա Լեոնեում և Լիբերիայում: ԱՀԿ-ի տվյալներով՝ այդ ժամանակ Էբոլայի վիրուսով վարակվել է 28,6 հազար մարդ, մահացել՝ ավելի քան 11,3 հազարը: