Հնդկաստանում բժիշկը կասկածվում է հարբած վիրահատություն կատարելու և ծննդկանի ու նրա երեխայի մահվան համար

12:40 • 30.11.18

Հնդկաստանի Գուջարաթ նահանգում բժիշկը կասկածվում է հարբած վիրահատություն կատարելու համար: Ինչպես գրում է lenta.ru-ն, փորձառու բժիշկը կեսարյան հատում է իրականացրել, որից հետո և՛ ծննդկանը, և՛ երեխան մահացել են:

22-ամյա հղի կինը հիվանդանոց է տեղափոխվել, երբ նրա մոտ սկսվել են ծննդաբերական ցավերը, այստեղ որոշվել է կեսարյան հատում իրականացնել: Վիրահատությունից հետո, սակայն, հարազատներին հայտնել են, որ երեխան մահացած է, իսկ մոր մոտ ուժեղ արյունահոսություն է: Կնոջն ուղարկել են մասնավոր հիվանդանոց, սակայն նա ճանապարհին մահացել է:

Նշվում է, որ վիրահատությունն իրականացրած բժիշկը 15 տարվա փորձ ունի:

Ծննդկանի մահից հետո նա անձամբ է ոստիկանություն կանչել՝ վախենալով, որ մահացածի ընտանիքի անդամները կհարձակվեն իր վրա: Դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ բժիշկը հարբած է, դրանից հետո նա ձերբակալվել է:

Դեպքի առթիվ հետաքննություն է տարվում: