Ճապոնացի օդաչուն դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման՝ թռիչքից առաջ ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու համար

11:42 • 30.11.18

Բրիտանական դատարանը 10 ամսվա ազատազրկման է դատապարտել Japan Airlines ավիաընկերության օդաչուին՝ Լոնդոնից Տոկիո չվերթից առաջ ալկոհոլ օգտագործելու համար, այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը:

Դատավոր Ֆիլիպ Մետյուզը վճիռն ընթերցելիս շեշտել է, որ երկրորդ օդաչուի ոչ սթափ վիճակը վտանգի տակ է դրել այդ երկարաժամյա չվերթի ուղևորների անվտանգությունը:

Հայտնի է, որ օդաչու Ջիցուկավա Կացուտոշին ամբողջովին ընդունել է իր մեղքը, իսկ ավիաընկերությունը տարածած հայտարարությամբ հայտնել է դեպքի առթիվ իր խոր ափսոսանքը:

Հրապարակված հայտարարության մեջ Japan Airlines-ը նաև հավաստիացրել է, որ միջոցներ կձեռնարկի միջադեպի կրկնությունը բացառելու համար:

Նոյեմբերի 1-ին Լոնդոն-Տոկիո չվերթի օդաչուն հեռացվել էր չվերթից ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու պատճառով, ինչից հետո Ճապոնիայի կառավարությունը լրջորեն սկսել է մտածել օդաչուների հարբեցողության դեմ պայքարը խստացնելու շուրջ:

Հայտնի է, որ Japan Airlines ավիաընկերությունն անցյալ տարվա օգոստոսից ի վեր թռիչքներից ժամանակավորապես հեռացրել է 19 օդաչուի՝ ոչ սթափ վիճակում գտնվելու համար: