Ստամբուլի դատախազությունը ձերբակալման որոշում է կայացրել սաուդցի լրագրողի սպանության գործով 18 մեղադրյալների վերաբերյալ
Ստամբուլի գլխավոր դատախազությունը ձերբակալման որոշում է կայացրել ընդդիմադիր սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով 18 մեղադրյալների վերաբերյալ, այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» պարբերականը:
Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի քաղաքացի հանդիսացող 18 մեղադրյալներից 15-ը սպանության օրը երկու տարբեր ինքնաթիռներով ժամանել են Ստամբուլ ու, մուտք գործելով Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան, իրականացրել դաժան սպանությունը: Նրանց թվում են եղել նաև Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի թիկնապահն ու երկրի գլխավոր դատաբժիշկը:
Խմբի անդամներին թուրքական դատարանը մեղադրանք է առաջադրել Թուրքիայի քրեական օրենսգրքի 81 և 82 հոդվածներով, այն է՝ «առանձնակի դաժանությամբ իրականացված կանխամտածված սպանություն»:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանությունը պնդում էր, որ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:
Ավելի ուշ Սաուդյան Արաբիան հաստատել է, որ լրագրողը սպանվել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով:










