Լավ են անում, խոսում են, որևէ մեկդ չփորձեք Արցախի վրա մատ թափ տալ. Է. Շարմազանովը՝ Արցախի իշխանությունների մեկնաբանություններին վերաբերյալ Ն. Փաշինյանի զգուշացման մասին
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հանրապետական» կուսակցության վեցերորդ համարը զբաղեցնող Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ Լոռու մարզից ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում նշեց, որ այսօր մի շարք համայնքներում հանդիպումներ կունենա:
«Ի տարբերություն մեզ՝ մեր իշխանությունները գնում են ոչ թե ծրագրեր ներկայացնելու, այլ գնում են ասֆալտին փռելու, վզներից բռնելու և մարդկանց ահաբեկելու ճանապարհով: Եկավ գոռգոռաց գնաց»,-ասաց Էդուարդ Շարմազանովը և նշեց, որ օր-օրի մտահոգ քաղաքացիների քանակն է ավելանում և կոչ արեց քաղաքական ուժերին չխոսել այն մասին, ինչից չի հասկանում:
«Ասում է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն էական ու ամենակարևորը չէ։ Հիմա էլ զգացել ես, որ դեկտեմբերի 6-ին քո պատճառով Հայաստանին ճամփելու են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, ասում ես՝ էական չէ՞։ Բա ի՞նչն է էական, 800 հազար քաղաքացիներին անբան ու լոդր անվանե՞լը, մատ թափ տալ, գնալ Ալավերդի խաբել, որ Թեղուտի ծրագի՞ր ունեք», - ասաց նա և նշեց, որ դա ուղղակի աբսուրդի թատրոն է:
«Ալիևն ու Էրդողանը Բաքվում միավորվում են, ջան-ջիգյար են անում, պանթուրքիզմ են անում ընդդեմ Հայաստանի ու հայության, իսկ ՀՀ ոչ բարով ղեկավարը մատ է թափ տալիս Արցախի Հանրապետության ղեկավարի և պաշտոնյաների վրա, այն մարդկանց վրա, որոնց մի մասը Արցախի հերոսներ են: Լավ են անում, խոսում են, որևէ մեկդ չփորձեք Արցախի վրա մատ թափ տալ, դուք գնացեք ձեր քաղաքական ծրագրերից խոսեք, որը զրո է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Ճամբարակում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին վարչապետի պաշտոնակատարը տարօրինակ համարեց ՀՀ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին Արցախի իշխանությունների ներկայացուցիչների ակտիվությունը: «Ես հարցեր ունեմ և այդ հարցերը կքննարկեմ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ մինչ այդ ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին և իրենց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու: Արցախի նախագահի մամուլի խոսնակն օրումեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս, այ քեզ բան: Սթափվեք, հարգելինե՛րս և զբաղվեք ձեր աշխատանքով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:










