Քաղաքական դաշտում կարևորագույն խնդիր ունենք լուծելու. ԼՀԿ քարոզարշավը՝ Սպիտակում (տեսանյութ)

15:23 • 01.12.18

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավ անցկացրեց Սպիտակում՝ համամասնական ցուցակը առաջին համար Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ։ Քարոզարշավին մասնակցում են նաև ԼՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորի ռեյտինգային թեկնածուները։

«Ի սկզբանե մենք մեր առաջ խնդիր ենք դրել լուսավորել Հայաստանը, սա պատահական խոսք չէ, սա խոսք է առ այն, որ մեզանից յուրաքանչյուրն իր ամենօրյա աշխատանքով ու նվիրում պետք է կարողանա իր ներսում կուտակել այն գիտելիքներն ու կենսափորձը, որը կարող է օգտակար լինել պետությանը»,- ասաց  պատգմավորի թեկնածու Տարոն Սիմոնյանը։

Ռեյտինգային թեկնածու Տիգրան Գրիգորյան էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, հավելեց, որ այսօր ՀՀ քաղաքացիները կանգնած են ճակատագրական իրադարձության շեմին։

«Այսօր քաղաքական դաշտում կարևորագույն  խնդիր ունենք լուծելու, շատ կարևոր է, որ ակտիվ քաղաքացու դիրքորոշում դրսևորենք՝ որոշելով, թե այս երկրում ով ունի  իշխանություն ձևավորելու և քննադատելու իրավունք։ Շատ կարևոր է, որ իշխանության քննադատողներն ունենան մաքուր անցյալ, պրոֆեսիոնալ բարձր հատկանիշներ և կարողանան կառուցողական մթնոլորտում առաջարկել ծրագրեր»,- ընդգծեց Գրիգորյանը։

Համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյան էլ գտնում է, որ ամեն ինչ շատ պարզ է, այսինքն, թե որ քաղաքական ուժն իրենից ինչ է ներկայացնում։ Նա հիշեցրեց, որ այլ կուսակցություններից առաջադրված մի շարք անձինք բազմաթիվ կուսակցություններ են փոխել, ինչն իրենց թիմում չկա։

«Լոռու մարզի, Սպիտակի,Վանաձորի և ընդհանրապես մեր բոլոր բնակավայրերի շահերը ես անդադար ու առանց որևէ րոպե կանգ առնելու ու երախտիքի խոսք ակնկալելու պաշտպանել եմ։ Չեմ կարծում, թե մենք պիտի գանք ու ասենք, թե մենք քանի նամակի ենք պատասխանել, գիտեք ինչ լավ կուսակցություն ենք և այլն»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը։