Բազմաթիվ ՀՀԿ-ականներ այսօր փորձում են հեղափոխության գլխարկ դնել իրենց գլխին, նաև այլ ուժեր՝ ԲՀԿ, ՀՅԴ. Է. Մարուքյանը՝ Ապարանում (տեսանյութ)

12:48 • 01.12.18

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավ է իրականացնում Ապարանում: Կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Վարդան Բարսեղյանը ընտրողների հետ հանդիպմանն ասաց, որ երբեք չեն ամաչելու այն քվեով, որ տվել են Լուսավոր Հայաստանին:

«Այս տարվա ապրիլին ինչ տեղի ունեցավ, մենք բոլորս ազգովի հավաքվեցինք մերժելու Սերժին, սեպտեմբերի 9-ին մերժելու օր է, մերժելու բոլոր «տասովչիկներին», որ մղձավանջ են դարձել մեր երկիրը: Իրանք որևէ մեկը իրավունք չունի որոշելու մեր ընտանիքի, երեխաների, ծնողների ձայնը: Հենց կտեսնենք շտաբներում թեկնածուների, թե ովքեր են կանգնած, արդեն կհասկանանք ինչի մասին է խոսքը»,-ասաց նա:   

Ելույթի խոսք ասաց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, ով նշեց, որ իրենց կողմից առաջադրված թեկնածի ելույթը վիրավորված քաղաքացու ելույթ էր: «Որովհետև մարդիկ տեսնում են, որ բազմաթիվ ՀՀԿ-ականներ, բառի բուն իմաստով այսօր փորձում են հեղափոխության գլխարկ դնել իրենց գլխին, դափնիներ ստանալ, մինչդեռ Սերժ Սարգսյանի ընտրության օրն ընտրում էին Սերժ Սարգսյանին։ Նաև այլ ուժեր, որ մասնակցում են ԲՀԿ, ՀՅԴ, բազմաթիվ այլ ուժեր, որ այս պրոցեսի մեջ են եղել, ասում են՝ հեղափոխական են: Մինչդեռ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի ասում, որ հեղափոխական է, մենք պաշտպանել ենք հեղափոխությանը, բայց հեղափոխություն չենք արել, բայց որ տեսնում ենք հիմա ովքեր են փորձում իրենց վերագրել ՀՀ քաղաքացիների ձեռքբերումները, դա արդեն վիրավորական է»,-ասաց նա:   

Էդմոն Մարուքյանը նշեց, որ նախորդ քարոզարշավի ժամանակ էլ, երբ ԱԺ ընտրություններին մասնակցում էին «Ելք» դաշինքով, Ապարան եկել են, աշխատել են, բայց Ապարան քաղաքից ստացել են ընդամենը 95 ձայն, իսկ ամբողջ տարածաշրջանից ընդամենը 200 ձայն:

«Պատկերացնո՞ւմ եք, հիմա Վարդանն ասում է գնացել ենք «Ելք»–ին ընտրել ենք ու այդ մարդկանց ձայնը չի փոշիացել, բայց հիմա ոչ թե 95 ձայնով պետք է աջակցել, այլ հազարավոր: Չկան ուժեր, որ արժանի են ձեր քվեներին, մի ուժ կա՝ հեղափոխության արած ուժն է, որը հարցումներով առաջատար է, և դա կանոն է, այդպես պետք է լինի, մյուս ուժերը չեն կարող ասել, որ իրենք իրենց անցած ճանապարհով քաղաքացու կողքին կանգնած են եղել, ի՞նչ ասեն, կարող եք իրենց հիշեցնել, որ այսինչ թվին արեցիք այսինչ բանը: Միակ ուժը, որ լեգիտիմ է, որ կարող է լինել երկրորդ ուժը՝ ամենախոշոր խմբակցությունը, ԼՀԿ-ն է»,-ասաց Մարուքյանը և նշեց, որ ԼՀԿ-ի դեմ սև քարոզ է գնում, ինչ ասես տարածում են, փող են ծախսում հակաքարոզչության համար:

«Վստահեցնում եմ արհամարհանքից լավ մեթոդ դրանց համար գոյություն չունի, մարդիկ տեսնում են ու հասկանում են, որ սև քարոզչություն է:  Ապարանում վստահ եմ, որ այլ իրավիճակ է, կարիք չկա ձեզ ասելու սա թացն է, սա չորն է, հանկարծ թացը չորի հետ չխառնեք, դուք գիտեք ով ինչ ունի արած»,-ասաց նա:

Ապարանի քաղաքացիներից մեկը նշեց, որ մարդիկ շատ են ասում, որ նա չի եղել Նիկոլ Փաշինյանի կողքին և հեղափոխության երրորդ տարբերակ էր առաջարկում:

«Իհարկե մենք գիտենք, որ այն մարդիկ ովքեր հրապարակում են եղել, չի նշանակում, որ եղել են հեղափոխության կողքին, և դուք ձեր քայլերով արել եք ամեն ինչ, որ ոչ մեկի գլխից ոչ մի մազ չպակասի, որ նոր «Մարտի 1» չի լինի»,- ասաց նա։

Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենք հիմա էլ ասում են, որ չեն արել հեղափոխություն, բայց արել են ամեն ինչ, որ Հայաստանում նոր «Մարտի 1» չլինի: «Մենք ճակատներս պարզ, երեսներս պարզ կանգնած ենք յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու կողքին»,-ասաց նա: