Եգիպտոսում Մեծ Բրիտանիայից ուսանողի են ձերբակալել՝ լուսանկարում հայտնված ռազմական ուղղաթիռի պատճառով
Եգիպտոսում ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքից ուսանող, որը հեռախոսում ունեցած ռազմական ուղղաթիռի նկարի պատճառով մեղադրվում է լրտեսության համար: Այս մասին հաղորդում է Independent-ը:
Տասնիննամյա Մուհամեդ Աբուլկազեմի ընտանիքի անդամների խոսքով՝ տղան Ալեքսանդրիա էր ժամանել Լիբիայից, ուր մեկնել էր մեկ տարի առաջ: Նոյեմբերի 21-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելու ժամանակ նա լուսանկար է արել, որում հայտնվել է թռչող ռազմական ուղղաթիռ:
Ինչպես գրում է թերթը՝ լուսանկարը հայտնաբերելուց հետո երիտասարդին հարցաքննել են: Նրան ռազմական օբյեկտի մասին տեղեկություն հավաքելու մեղադրանք է առաջադրվել: Ինքնաթիռում Մուհամեդի հետ եղած ընկերը նույնպես ձերբակալվել է:
Երիտասարդի ընտանիքին մեղադրանքի կամ դատական գործընթացի ժամկետների մասին ոչ մի տեղեկություն չի հաղորդվել:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունն աջակցում է ձերբակալվածի ընտանիքին:
«Մենք փորձում ենք Եգիպտոսի իշխանություններից տղայի մասին ավելի շատ տեղեկություններ, ինչպես նաև հյուպատոսարան մուտք գործելու թույլտվություն ստանալ»,- հայտնել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության ներկայացուցիչը:










