Չինաստանում անհետացել է աշխարհում առաջին գենետիկորեն փոփոխված երեխաներին «ստեղծած» գիտնականը

12:42 • 04.12.18

Չինաստանում արդեն մեկ շաբաթից ավելի անհետացել է միջազգային սկանդալի կիզակետում հայտնված գիտնական Հի Ժյանկույը, որն ամբողջ աշխարհում իրարանցում էր առաջացրել գենետիկ փոփոխությունների ենթարկված առաջին երեխաների ծնվելու մասին հայտարարությամբ:

Գիտնականը հայտարարել էր, որ իր կողմից լաբորատոր միջամտության արդյունքում Չինաստանում լույս աշխարհ են եկել աշխարհում առաջին գենետիկորեն փոփոխված երեխաները, որոնք ծնվել են ՄԻԱՎ վարակակիր հորից, սակայն ԴՆԹ-ի շտկման արդյունքում այժմ անխոցելի են այդ վարակի նկատմամբ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, որոշ աղբյուրներ հայտնում են, որ Ժյանկույը գտնվում է տնային կալանքի տակ: Սակայն համալսարանը, որտեղ նա աշխատում է, հերքել է լուրը: Այնուհանդերձ՝ նրա գտնվելու վայրի մասին ստույգ տեղեկություն չկա:

Չինացի գիտնականների մեծ մասը միասնական դիրքորոշում ունի Ժյանկույի հայտարարության վերաբերյալ: Ավելի քան 120 գիտնականի համատեղ հայտարարությունում նշվում է, որ կատարվածն ուղղակի «խենթություն» է: Նրանք դատապարտել են գիտափորձն ու իշխանություններին կոչ արել ուսումնասիրել հարցը: Մասնագետների կարծիքով՝ դա «ակադեմիական էթիկայի և նորմերի կոպիտ խախտում է»:

Ավելի վաղ Ժանկույը պատասխանել էր քննադատություններին՝ հայտարարելով, որ «հպարտ է իր արածով»: Նա հավելել է, որ ևս մի կին համաձայնել է մասնակցել իր գիտափորձին ու արդեն հղի է գենետիկորեն փոփոխված պտղով:

Հիշեցնենք, որ Ժյանկույի աղմկահարույց հայտարարությունում նշվում էր, որ Լուլուն և Նանան ծնվել են մի քանի շաբաթ առաջ ու գենետիկ փոփոխությունների շնորհիվ այժմ անխոցելի են ՄԻԱՎ-ի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ: Երեխաները ծնվել են արտամարմնային բեղմնավորման միջոցով: Այդ նպատակով օգտագործվել է նախապես գենետիկորեն փոփոխված ձվաբջիջ, որն ավելի ուշ փոխպատվաստվել է արգանդի մեջ: Հայտնի է, որ աղջիկների հայրը ՄԻԱՎ վարակակիր է:

Մասնագետը մանրամասնել էր, որ քույրերի ԴՆԹ-ն փոխվել է գերառաջադեմ «գործիքի»՝ CRISPR-cas9-ի միջոցով: CRISPR-cas9 կոչվող գործիքը հնարավորություն է տալիս աշխատելու ԴՆԹ-ի վրա, ակտիվացնելու անհրաժեշտ գենը, կամ հակառակը՝ չեզոքացնելու հիվանդության պատճառ հանդիսացող գենը:

Այս տեխնոլոգիան վերջերս է փորձարկվել մարդկանց վրա՝ մահացու հիվանդությունները բուժելու նպատակով: Դա նշանակում է, որ հիվանդություն ունեցող մարդը գենային փոփոխությունից հետո իր ապագա երեխաներին վտանգավոր գեները չի փոխանցի:

Չինաստանում անհետացել է աշխարհում առաջին գենետիկորեն փոփոխված երեխաներին «ստեղծած» գիտնականը