Պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին որոշում, ռազմական դրության վերացում. ինչ լիազորություններ ունի բացարձակ մեծամասնությամբ ԱԺ-ը

20:02 • 10.12.18

«Իմ քայլը» դաշինքը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ԱԺ արտահերթ ընտրություններին ստացել է ձայների 70.44%-ը, հետևաբար գումարած ազգային փոքրամասնությունների 4 մանդատը դաշինքն Ազգային ժողովում կստանա 88 մանդատ:

Tert.am-ը, հղում անելով Սահմանադրությանը, ներկայացնում է, թե ինչ լիազորություններ կունենա բացարձակ մեծամասնությամբ Ազգային ժողովը, որի մեծամասնական ուժի ղեկավարը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է, ով առաջիկայում առաջադրվելու է որպես ՀՀ վարչապետի թեկնածու:

Ազգային ժողովում «Իմ քայլը» դաշինքը որևէ որոշման կայացման համար այլ քաղաքական ուժերի աջակցության կարիք չի ունենա:

Հայաստանը խորհրդարանական կառավարման երկիր է, իսկ խորհրդարանական մեծամասնությանը Սահմանադրությամբ տրված են հետևյալ լիազորությունները՝ վարչապետի ընտրություն, վարչապետին անվստահություն հայտնել, Կառավարության ծրագրի հաստատում, իսկ անվտանգության առումով՝ պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին որոշում, ռազմական դրության վերացում և այլն:

ՀՀ սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասով վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

ՀՀ սահմանադրության 115-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:

Սահմանադրության 117-րդ հոդվածով էլ Ազգային ժողովը Կառավարության առաջարկությամբ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել համաներման մասին օրենք:

ՀՀ սահմանադրության 118-րդ հոդվածով Ազգային ժողովը Կառավարության առաջարկությամբ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին որոշում:

Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու հարցը լուծում է Կառավարությունը:

119-րդ հոդվածով Հայաստանի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում Կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն, ուղերձով դիմում է ժողովրդին և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:

Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել ռազմական դրությունը կամ չեղյալ հայտարարել ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը:

Ռազմական դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը:

Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

122-րդ հոդվածով հանրային շահերի պաշտպանության նպատակով պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված օրենքով կարող են ստեղծվել ինքնավար մարմիններ:

151-րդ հոդվածով Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

166-րդ հոդվածով սահմանված կարգով՝ Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, տասներկու տարի ժամկետով:

177-րդ հոդվածով Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։

Բացի այս, ԱԺ-ն իրավունք ունի ընտրելու ՄԻ պաշտպան, Վճռաբեկ դատարանի դատավորներ:

Հիշեցնենք, որ ՀՀ 7-րդ գումարման ազգային ժողովում կլինի 132 պատգամավոր. «Իմ քայլը» դաշինքը կունենա 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26, ԼՀԿ-ն՝ 18 մանդատ: