Մրցակցային ընտրություններն էին, ընթացել են ազատ կամարտահայտման միջավայրում և արտացոլում են ՀՀ քաղաքացիների հավաքական կամքը. «Ականատես» դիտորդական առաքելություն

13:59 • 10.12.18

Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ)  տնօրեն Սոնա Այվազյանն այսօր հրավիրված ասուլիսին ամփոփեց «Ականատես» դիտորդական առաքելության երկարաժամկետ և կարճաժամկետ արդյունքները:

Ըստ երկարաժամկետ դիտարկման` նախընտրական գործընթացը եղել է ազատ և մրցակցային: «Էական առաջընթաց է գրանցվել վարչական ռեսուրսի, ընտրակաշառքի և բարեգործության առումով քաղաքացիները կաշկանդված չեն եղել, և ասել են, որ չեն հիշում իրավիճակ, որ իրենց նախընտրական շրջանում չեն անհանգստացնում, ուղղորդում կամ ճնշում, թե ում պետք է ընտրել»,-ասաց նա:

Այդուհանդերձ, ըստ նրա, մի քանի խնդիր են արձանագրել` վարչական ռեսուսի չարաշահում, որն իրականում եղել է փոքր մասշտաբի:

«Անհանգստացած ենք եղել քարոզչության ընթացքում հնչած հռետորաբանությամբ և ատելության խոսքով»,-ասաց նա:

Սոնա Այվազյանը ներկայացրեց արդեն կարճաժամկետ դիտորդությունն ընտրության օրը, ըստ որի` 581 դիտորդ են ունեցել, 52 շրջիկ խումբ և այլն:

«Նախապատրաստական փուլն առավոտյան հանգիստ է եղել, 99% դեպքերում խնդիրներ չեն եղել քվեատուփի հետ կապված, տեխնիկական սարքավորումների հետ կապված, կողմնակի անձանց ներկայությունը մեկ տոկոս տեղամասերում է գրանցվել»,-ասաց նա և նշեց, որ հիմնական խնդիրը տեղամասերի կահավորման հետ է կապված եղել, Հայաստանի տեղամասերի 48%-ը չեն ապահովում խնդիրներ ունեցող անձանց մուտքը տեղամասեր:

Սոնա Այվազյանը նշեց, որ քվեարկության ընթացքն անցել է բավական խաղաղ մթնոլորտում, հանձնաժողովները ժողովրդավարական օրենքներին համահունչ հետևել են ընտրակարգին:

Այդուհանդերձ, ըստ նրա՝ եղել են ընտրողների իրավունքի կամ տեղամասերում խոչընդոտման դեպքեր դիտարկված տեղամասերի 2,6%-ում: Գրանցամատյանում 5,67% խախտումները չեն գրանցվել: 17% տեղամասերում ընտրողների անվան դիմաց եղել է այլ ստորագրություն: Նույնականացման քարտերի հետ կապված խոչընդոտներ չեն եղել, տեղամասերում 24% սարքավորումներում անունները գրանցված չեն եղել:

«Քվեարկության գաղտնիությունը հիմնականում հարգվել է, թեև 21% դեպքերում նկատվել են վատ քվեարկության դեպքեր»,-ասաց նա: Գրանցվել են ընտանիքով քվեարկելու դեպքեր, որը, ըստ նրա՝ համատարած է ՀՀ-ում: Ուղղորդված քվեարկություն 6%-ում է գրանցվել:

Ականատես դիտորդական առաքելության ներկայացուցիչ Լևոն Բարսեղյանը չխոսեց տեխնիկական դիտարկումների մասին: Նա խոսեց երկու կասկածելի  դիտորդական կազմակերպությունների մասին, որոնք 5400-ական դիտորդներ են գրանցել:  

«Այս երկուսն իրենց առաջնորդներով անմիջական փոխկապակցված են ԲՀԿ-ի հետ, չբացառելով, որ սխալվում ենք, մենք հույս ունենք, որ այդ կազմակերպությունները հանդես կգան իրենց առաքելության մասին հայտարարություններով»,-ասաց նա:

Նա խոսեց այն դիտարկումների մասին, որ ընտրություններին մասնակցությունը սարսափելի ցածր է եղել, բերեց նախորդ տարիների ցուցանիշները և նշեց, որ ՀՀ-ում բացակայում է ընտրողների 18-32 տոկոսը, ուստի համաձայն չէ այդ դիտարկումների հետ:

«Մասնակցության մակարդակը որևէ կերպ չի ստվերում ընտրությունների որակը»,-ասաց նա:

Բարսեղյանը նաև նշեց, որ մի քանի ահազանգ են հնչել որոշ քաղաքական գործիչներից. «Մեկն ասել է՝ ՀՀ տեղամասերում վախի մթնոլորտ է տիրում, մյուսը բանակի ուղղորդման հետ կապված խնդրի մասին է խոսել, որ «Իմ քայլի» օգտին է քվեարկել, մյուսը ՀՀ-ի ամենախայտառակ ընտրություններ որակել: Հիմա ես ասեմ, թե ինչ չենք արձանագրել` ընտրակաշառքի մասին հաղորդումներ չենք արձանագրել, ընտրողների ահաբեկումներ, կազմակերպված ճնշումների մասին ահազանգեր չենք ունեցել, կուտակումներ տեղամասերում և տեղամասերի շուրջ չենք արձանագրել, եղածն էլ տեխնիկական խնդիրներից են, քվեատուփերի լցոնումներ չենք արձանագրել, ոստիկանության համակարգված անգործություն չենք արձանագրել: Այս բոլոր չարիքները նախորդներում լիուլի արձանագրել ենք»,-ասաց նա:

Լևոն Բարսեղյանը նշեց, որ սա թույլ է տալիս իրենց հայտարարելու, որ այս ընտրությունների ժամանակ կազմակերպված ընտրակեղծիքներ, քրեական բնույթի միջոցառումներ չեն եղել. «Ինչն էլ թույլ է տալիս մեզ ասելու, որ այս ընտրություններն ընթացել են ոչ միայն մրցակցային, այլ ազատ կամարտահայտման միջավայրում և արտացոլում են ՀՀ քաղաքացիների հավաքական կամքը»,-եզրափակեց նա: