ԱՊՀ դիտորդական առաքելությունը ընտրությունների ընթացքը որակում է թափանցիկ և բաց

14:34 • 10.12.18

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները 2018-ի դեկտեմբերի 9-ին անցել են ՀՀ սահմանադրությանը և ընտրական օրենսգրքին համապատասխան: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, ամփոփելով ընտրությունների արդյունքները, ասել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վիկտոր Գումինսկին: 

«Երկարաժամկետ և կարճաժամկետ մոնիտորինգի արդյունքում գալիս ենք այն եզրակացության, որ 2018-ի  դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները անց են կացվել ՀՀ սահմանադրությանը և Ընտրական օրենսգրքին համապատասխան: Ընտրությունները եղել են թափանցիկ և բաց: Ընտրական հանձնաժողովները բոլոր մակարդակներում պայմաններ են ապահովել ընտրողների ազատ կամարտահայտման համար»,-ասել է Գումինսկին: 

Նա նշել է, որ դիտորդական առաքելությունը հաստատում է դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների հիման վրա կատարած եզրակացությունը, որ օրենսդրությունն ազատ և դեմոկրատական ընտրությունների անցկացման համար տալիս է հնարավորություն:

Գումինսկին ասել է, որ չի կարող չնկատել նաև ԿԸՀ-ի լավ աշխատանքը: Նա նկատել է, որ այս կարճ ժամանակում ԿԸՀ-ն իրականացրել է միջոցառումներ ընտրությունների պատրաստման և անցկացման համար: Նաև վերապատրաստման դասընթացներ են անցկացվել մասնագետների համար:

Գումինսկին նկատել է, որ խախտումներ ևս եղել են, սակայն դրանք չէին կարող ազդել քվեարկության արդյունքների վրա։ Նա նաև նշեց Հանրային ռադիոյով և Հանրային հեռուստատեսությամբ քաղաքական ուժերին տրված հավասար անվճար և վճարովի եթերաժամերի մասին: