Եվրոպական դատարանը Մեծ Բրիտանիային թույլ է տվել միակողմանի կերպով դադարեցնել «Բրեքզիթ»-ը

14:02 • 10.12.18

Եվրոպական դատարանը վճռել է, որ Մեծ Բրիտանիան իրավասու է միակողմանի կերպով դադարեցնել «Բրեքզիթ»-ի (Մեծ Բրիտանիայի դուրսբերումը ԵՄ կազմից) գործընթացը:

Ինչպես նշում է The Guardian-ը, դատարանի նման վճիռը կհանգեցնի նրան, որ բրիտանացիները  վիճահարույց «Բրեքզիթ»-ի հարցով երկրորդ հանրաքվեի անցկացում կպահանջեն:

«Միացյալ Թագավորությունն ազատ է ԵՄ կազմից դուրս գալու գործընթացը միակողմանի կարգով դադարեցնելու հարցում»,-ասվում է վճռում:

Հայտնի է, որ ավելի վաղ Եվրամիության կազմում մնացող 27 անդամ պետությունների ղեկավարները հաստատել են Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ համաձայնագիրը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կոչ է արել բրիտանացիներին «Բրեքզիթ»-ի հարցում աջակցել իրեն:

Միացյալ Թագավորությունը ԵՄ կազմից դուրս կգա 2019թ. մարտին: