Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդել են, որ նրան 20 միլիոն դրամ գրավով ազատ արձակեն
Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդել են Մանվել Գրիգորյանին 20 միլիոն դրամ գրավով ազատ արձակել: Այս մասին Tert.am-ին հայտնեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
«Դատարանը միջնորդության մասին որոշումը կկայացնի վաղը՝ ժամը 14:00-ին»,- ասաց նա՝ հավելելով, որ միջնորդությունը քննում է դատավոր Մարինե Մելքոնյանը: Արսեն Մկրտչյանը, խոսելով Մանվել Գրիգորյանի ինքնազգացողության մասին, նշեց՝ քանի որ վերջինս վաղուց մեքենա չէր նստել, չէր տեղաշարժվել, ինքնազգացողությունը վատացել է, տեղում հրավիրվել է շտապ օգնություն:
Հիշեցնենք, որ ընդհանուր իրավասության դատարանում փակ նիստով Մանվել Գրիգորյանի գործը քննելիս վերջինիս ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Մանվել Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:










