Ինձ տեսնում եմ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում. միտում կա, որ Ադրբեջանը ծրագիր ունի ՀՀ-ի կյանքը «բարդացնել» արտաքին քաղաքական հարթակներում. Տաթև Հայրապետյան
Ինձ ավելի շատ տեսնում եմ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» դաշինքի ցուցակի 72-րդ համարի թեկնածու, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը` նշելով, որ ամենայն հավանականությամբ, ելնելով հաշվարկներից, ինքը կստանա մանդատ:
Նա նշեց, որ ցանկանում է ավելի ներգրաված լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում ԵԽԽՎ-ի աշխատանքներում: Նա ասաց, որ մինչ այս միջնորդավորված է փորձել իր գործունեությունը ծավալել և հիմա կփորձի որպես պատգամավոր ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում փաստարկված պատշաճ մակարդակով հարցի ներկայացմանը արտաքին քաղաքական հարթակներում:
«Կարծում եմ, որ դրա կարիքը շատ ենք ունենալու, առավել ևս, որ վերջերս էլ, դատելով Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների հայտարարություններից, ակնհայտ նկատում եմ միտում, որ ծրագիր ունեն առաջիկայում Հայաստանի կյանքը բարդացնել արտաքին քաղաքական հարթակներում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է մտահոգություններին, թե նորընտիր պատգամավորներն այդ ոլորտում շատ երիտասարդ են, անփորձ, ինչի արդյունքում Հայաստանը միջազգային հարթակներում կտուժի, Տաթև Հայրապետյանն ասաց. «Իրականում ես հասկանում եմ բոլոր մտահոգությունները, որոնք արտահայտվում են, բայց ես դա ճիշտ չեմ համարում, քանի որ մեզանից յուրաքանչյուրը իր տեղում տարիներ շարունակ համառորեն իր գծով աշխատանք է տարել, և այդ ամբողջի համալիրն է արդյունք տալու:
Հայաստանում չեն եղել ինստիտուտներ, համակարգեր, որոնք մասնագետներին կպատրաստեն դառնալ քաղաքական գործիչներ, քաղաքականությունը «էլիտար» հանրապետականներին պատկանող դաշտ էր, և կա՛մ պետք է դառնայիր իրենց պես, կա՛մ պետք է հեռու պահեիր քեզ»:
Ըստ Տաթև Հայրապետյանի՝ հիմա դաշտը բացվում է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ներդրում ունենալ, և այստեղ ոչ շահ կա, ոչ էլ բիզնեսը պահպանելու խնդիր կա: Նա նշեց, որ ինքը ոչ մի սեփականություն չունի և իր շահը մասնագիտական կարողությունները կիրառելն է:
«Արտաքին քաղաքական հարթակներում կարևոր խնդիրներից է ժողովրդավարությունը, որտեղ արդեն շահեկան դիրքերից է Հայաստանը հանդես գալիս, և ռուս, ամերիկացի հետազոտողները, գործընկերները հիացական նայում են` ինչպես են երիտասարդները կարճ ժամանակահատվածում երկիրը նոր կերպ ներկայացնում, դա հիացմունք է առաջացնում, ոչ թե խնդիր: Մեզանից յուրաքանչյուրն իր տեղում գիտակցում է, որ սա ուղղակի պաշտոն չէ, այլ պատգամ է, որ ստացել են ՀՀ քաղաքացուց, և քաղաքացին հետևելու է մեր գործունեությանը»,-ասաց նա:
Տաթև Հայրապետյանը նշեց, որ մարտահրավերներ միշտ եղել են, և իրենք ունակ են դրանց դիմակայելու: «Շատ ժամանակ այդ մարտահրավերները կապված են եղել հենց կառավարման համակարգի ձևաչափերի և այլնի հետ, և հիմա հարկ չեմ տեսնում հանրապետականներին մեղադրանքների վերածել հարցազրույցը, սակայն բազմիցս տեսել եմ հարաբերությունների ձևաչափեր, որոնք վնաս են եղել մեզ: Մեզանից յուրաքանչյուրը որպես այդպիսին անփորձ չէ, ամեն մեկն իր տեղում աշխատանք է տարել»,-ասաց նա և նշեց, որ ինստիտուցիոնալ առումով, եթե կա գործունեության տեսակ, որ օգտակար է եղել, իրենք կշարունակեն:
«Ասվել է, որ արտաքին քաղաքական ուղղություններով վեկտորները չեն փոխվելու, փոխվելու է ավելի բովանդակայինը, ձևի էլեմենտը, շփման որակը, խնդիրների արծարծման համարձակությունը, քանի որ լեգիտիմ իշխանությունն այլ կերպ է վերաբերվում խնդիրներին և բարձրաձայնում, այդ առումով մենք բավականին տարբեր ենք»,-ասաց նա:










