Ֆրանսիացիների մեծ մասը կարծում է, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիաները պետք է դադարեցվեն. սոցհարցում

10:24 • 11.12.18

Ֆրանսիացիների մեծ մասը կարծում է, որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկից հետո բողոքի ցույցերը պետք է դադարեցվեն, գրում է РИА Новости-ն:  Այդ մասին են վկայում OpinionWay ընկերության իրականացրած սոցհարցման արդյունքները:

Դեկտեմբերի 10-ին Մակրոնը հանդես էր եկել ազգին հղված ուղերձով: Նա հայտարարել էր երկրում արտակարգ տնտեսական և սոցիալական դրության ռեժիմ մտցնելու մասին, խոստացել բարձրացնել նվազագույն աշխատավարձի շեմը, ցածր կենսաթոշակների, արտաժամյա աշխատանքի և տարեկան պարգևավճարների դեպքում վերացնել պահումները:

Բացի այդ, նախագահը հատուկ միջոցառումների փաթեթ է ներկայացրել 2000 եվրոյից պակաս թոշակ ստացողներին աջակցելու համար, ինչպես նաև հորդորել է գործատուներին աշխատողներին տարեկան պարգևավճարային աշխատավարձեր վճարել:

Նախնական հաշվարկի համաձայն՝ Մակրոնի առաջարկած միջոցառումների իրականացումը  8-9 մլրդ եվրո կարժենա:

Մակրոնի ելույթից հետո սոցհարցում է անցկացվել, որի ժամանակ ֆրանսիացիներին խնդրել են գնահատել նախագահի առաջարկները և կարծիք հայտնել երկրում ծավավող բողոքի ակցիաների վերաբերյալ:

Հարցվածների կարծիքները գրեթե հավասար են բաշխվել. 50%-ի կարծիքով՝ Մակրոնի ելույթը համոզիչ չի եղել, իսկ 49%-ը ուղերձը դրական է գնահատել, ընդ որում՝ մեծամասնությունը (60-78%)  կարծում է, որ նախագահի առաջարկած հակաճգնաժամային միջոցառումները համապատասխանում են ցուցարարների պահանջներին:

Հարցմանը մասնակցածների կեսից ավելին՝ 54%-ը, կարծում է, որ այժմ «դեղին անթև բաճկոնների» բողոքի ցույցերը պետք է դադարեցվեն:

«Դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից:  Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը: Սակայն նույնիսկ այս քայլը չի բավարարել «դեղին անթև բաճկոններին», որոնց միացել են նաև ուսանողները, ինչպես նաև մեծ թվով անարխիստներ երկրի տարբեր հատվածներից: