Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա իրականացրին՝ նրան ազատ արձակելու պահանջով (տեսանյութ, թարմացված)
18.26
Արմեն Մինասյանի գլխավորությամբ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները քայլերթով շարժվեցին դեպի դատախազություն։
Ցուցարարների ձեռքին կան հայերեն և անգլերեն պաստառներ՝ «Հայաստանի երկրորդ նախագահը՝ քաղբանտարկյալ #1», «Քաղբանտարկյալ #1», «Կողմնակալ արդարադատություն» գրություններով։
Մեկ տասնյակից ավել ոստիկաններ հսկում են Գլխավոր դատախազության մուտքը։ 



17:49
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը պահանջող նախաձեռնող խմբի ղեկավար Արմեն Մինասյանը հայտարարեց, որ այսօրվանից սկսվում է երկարատև պայքարի փուլ։
«Սկսում ենք պայքար, պայքարը երկարատև է լինելու, իսկ հաղթական վերջակետն այն է լինելու, որ հարգվի ՀՀ սահմանադրությունը, ինչպես նաև դրանից բխող օրենքներն ու միջազգային օրենքները։ Մարդու պատվին ու արժանապատվությանը հասցվող վնասը պետք է տեղ չունենա Հայաստանում։
Նշանակվել է մեղավոր և հայտարարվել, որ այդ մեղավորները նշանակված են ԶԼՄ-ներից՝ չհիշելով, որ մեղավոր ճանաչելու մեկ իրավասու մարմին կա՝ դատարան, ավելի ճիշտ կար, քանի որ չկա այլևս դատարան»։


17:40
Ոստիկանները մոտեցան հավաքի կազմակերպիչ Արմեն Մինասյանին, որը հորդորեց ոստիկաններին ուշադիր լինել և չեզոքացնել սադրիչներին, որպեսզի բախումներից խուսափեն։
Ինչ վերաբերում է հավաքի օրինական լինելուն, Մինասյանը վիճեց լրագրողների հետ՝ նշելով, որ ցավում է, որ չեն տիրապետում ազատ, ինքնաբուխ հավաք կազմակերպելու օրենքներին։
Հավաքի կազմակերպիչները չպատասխանեցին լրագրողների հարցերին՝ նշելով, որ իրենք որևէ բան չեն ասի, ավելին՝ հորդորեցին լրագրողներին ընդամենը կողքից հետևել իրադարձություններին և չխանգարեն, որ մարդիկ միանան ակցիային։
Նրանք մի շարք լրատվամիջոցների հարցերի չպատասխանեցին՝ շեշտելով, որ այդ քայլով «տեղն են դնում» այլախոհությունը մերժող ԶԼՄ-ներին։
17:30
Մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կողմից բողոքի ակցիան` նրան ազատ արձակելու պահանջով: Նշենք, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը պահանջող նախաձեռնող խումբը ազդարարել է հանրահավաքային պայքարի փուլ սկսելու մասին:
Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ դատարանը վճռել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնել անփոփոխ: Առաջին ատյանի դատարանը նախկինում որոշել էր որպես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց ընտրել կալանքը:
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:










