Հաջորդ կառավարությունը պատասխանատու է լինելու ընդդիմության հանդեպ հարգանք տածելու համար․ ֆրանսահայ պատգամավորը՝ ՀՀ-ում տեղի ունեցած ընտրությունների մասին

21:24 • 12.12.18

Ֆրանսիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Դանիել Ղազարյանի խոսքով վերջերս Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններով Նիկոլ Փաշինյանը վերջապես մեծամասնություն ստացավ:

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ մարդկանց ցանկությամբ նոր խորհրդարանն այժմ ինքը պետք է զբաղվի երկրում խորը բարեփոխումների իրականացմամբ՝ ընդունելով  նոր տնտեսական և սոցիալական քաղաքականություն:

«Դա նոր մեծամասնության վրա դրված դժվար, սակայն վճռական խնդիր է, և ես իսկապես հույս ունեմ, որ նոր կառավարությունը կարդարացնի ժողովրդի հայտնած մեծ հույսերը»,- ասաց նա:

Ֆրանսահայ պատգամավորի նկատառմամբ՝ ընտրություններին մասնակցող դիտորդները նկատել են, որ ընտրական գործընթացը լավ է ընթացել, ինչը, ըստ նրա, առաջին որոշիչ գործոնն է լրիվ ժողովրդավարական երկրի ձևավորման ճանապարհին:

«Մենք դեռ ունենք քայլեր՝ 50 տոկոսից ավելի բարձր մասնակցություն ապահովելու առումով: Հաջորդ կառավարությունը պատասխանատու է լինելու հասարակության և ինստիտուտների միջև վստահությունը խորացնելու և ընդդիմության հանդեպ հարգանք տածելու համար, ինչը ժողովրդավարության կարևորագույն հատկանիշ է»,- նկատեց նա:

Անդրադառնալով  Հայաստանի նորընտիր և Ֆրանսիայի խորհրդարանների միջև հարաբերություններին՝ նա նշեց․« Ես հպարտ եմ, որ Ֆրանսիայի խորհրդարանում հանդես եմ գալիս որպես Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ և անհամբեր սպասում եմ նոր ընտրված մեր հայաստանյան գործընկերների հետ պատմական հարաբերություններն ամրապնդելուն»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝  երեք ուժ են անցել խորհրդարան․  Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլ»-ը դաշինքն ստացել է 70.44%, « Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 8.27%,  «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%: