Նոր մանրամասներ Ստրասբուրգում տեղի ունեցած հրաձգությունից. պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 12-ը (թարմացված)
Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Քրիստոֆ Կաստաները Ստրասբուրգիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հրաձգության հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 12-ը:
Կաստաների խոսքով՝ անցորդների ուղղությամբ կրակ բացած հրաձիգը դեռ չի հայտնաբերվել և որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս պահին նրան հայտնաբերելու ու ձերբակալելու ուղղությամբ աշխատում է շուրջ 350 ոստիկան, այդ թվում՝ դատական ոստիկանության 100 աշխատակից ու Sentinelle-ի մի շարք զինվորականներ:
Բացի այդ, հանցագործին գտնելու համար հատկացվել է նաև երկու ուղղաթիռ:
***
Ստրասբուրգի կենտրոնում երեքշաբթի երեկոյան անցորդների ուղղությամբ կրակ բացած հրաձիգը դեպքի վայրից փախուստի է դիմել առևանգված տաքսիով, հաղորդում է BFMTV-ն:
Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ Ստրասբուրգի սուրբծննդյան տոնավաճառից փախուստի դիմելիս տղամարդը տաքսի է առևանգել: Տաքսու վարորդի կյանքին վտանգ չի սպառնում: Նրա խոսքով՝ հրաձիգը վիրավոր է:
Նշվում է, որ տղամարդը վիրավորվել է ավելի վաղ ոստիկանների հետ տեղի ունեցած հրաձգության ժամանակ: Այս պահի դրությամբ հանցագործին գտնելու ուղղությամբ քաղաքում աշխատում է առնվազն 600 ժանդարմ ու ոստիկան:
***
Ֆրանսիայի Գրանդ Էսթ շրջանի իշխանությունները հստակեցրել են Ստրասբուրգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվածների ու տուժածների թիվը: Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհվել է երկու մարդ, վիրավորվել 12-ը, որոնցից 6-ի վիճակը գնահատվում է ծանր:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդում էին 4 զոհի մասին:
Այս պահին քաղաքի մի մասը դեռ փակ է, հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է: Իշխանությունները կոչ են անում բնակիչներին ապահով վայրում մնալ:
Հայտնի է, որ ոստիկանությունը հատուկ օպերացիա է ծավալել Նոյդորֆում, սական այն ապարդյուն է եղել. հրաձիգն առայժմ ձերբակալված չէ: Այս պահին Ստրասբուրգում է գտնվում նաև Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները:
Ինչպես հաղորդում է BFMTV-ն, դեռ դեկտեմբերի 11-ի առավոտյան կասկածյալի տանն անցկացրած խուզարկության ընթացքում ոստիկանները նռնակներ են հայտնաբերել, սակայն այդ ժամանակ տղամարդը տանը չի գտնվել և նրան չի հաջողվել ձերբակալել:
***
Ստրասբուրգում երեքշաբթի երեկոյան տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվածների թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 4-ի, հաղորդում է BFM հեռուստաալիքը:
France Info պորտալի հաղորդմամբ՝ միջադեպից որոշ ժամանակ անց Ստրասբուրգի Նոյդորֆ շրջանում, որտեղ ենթադրաբար թաքնվում է հանցագործը, կրկին կրակոցներ են հնչել:
Պորտալի տվյալներով՝ քաղաքի կենտրոնում անցորդների ուղղությամբ կրակ բացած հրաձիգը սպանության մեղադրանքով պետք է ձերբակալված լիներ դեռ դեկտեմբերի 11-ի առավոտյան, սակայն ոստիկանները նրան տանը չեն հայտնաբերել:
***
Ֆրանսիական Ստրասբուրգ քաղաքում երեքշաբթի՝ դեկտեմբերի 11-ին, տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի ու տուժածների թիվն ավելացել է: Ինչպես հաղորդում է France Info պորտալը, միջադեպի հետևանքով զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ 11-ը:
Պորտալի հաղորդմամբ՝ նոր տվյալները վերջնական չեն: Այս պահին հաղորդվում է երկու զոհի և տասնմեկ վիրավորի մասին, որոնցից յոթի վիճակը գնահատվում է ծանր:
Նշվում է, որ ոստիկանությունը պարզել է կրակ բացած անձի ինքնությունը: Պորտալի տվյալներով՝ հանցագործը Ստրասբուրգի 29-ամյա բնակիչ է, որը ոստիկանությանը հայտնի է օրենքը բազմիցս խախտելու համար: Հայտնի է նաև, որ նա ներառված է այն անձանց ցանկում, որոնք վտանգ են ներկայացնում երկրի պետական անվտագության համար:
BFM հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի իշխանությունները տեղի ունեցածն դիտարկում են որպես ահաբեկչական գործողություն: Դեպքի առթիվ Փարիզի դատախազության հակաահաբեկչական ստորաբաժանումը հետաքննություն է սկսել:










