Չինաստանում տղամարդը սպանել է կնոջը՝ նրա կյանքի համար ապահովագրական գումարը ստանալու համար

17:25 • 12.12.18

Չինաստանում տղամարդը լողավազանում խեղդել է կնոջը՝ նրա կյանքի համար ապահովագրության գումարը ստանալու նպատակով, գրում է lenta.ru-ն:

Տյանցզին քաղաքից Չժան Իֆանն ամիսներ շարունակ ծրագրել է սպանությունն ու նախապատրաստվել դրա իրականացմանը: Նա կնոջ անունով կյանքի ապահովագրության մի քանի պայմանագիր է կնքել ու կեղծել նրա ստորագրությունը: Այնուհետև տղամարդը կնոջ ու դստեր հետ ուղևորվել է Փհուքեթ կղզի, որը հայտնի հանգստյան գոտի է: Մի քանի օր անց տղամարդը զանգել է կնոջ ազգականներին ու հայտնել, որ նա խեղդվել է լողավազանում:

Մահացածի ծնողները միանգամից կասկածել են փեսային, քանի որ գիտեին՝ իրենց դուստրը բավական լավ էր լողում: Կնոջ ընտանիքը դատի է տվել փեսային:

Ավելի ուշ Չժանը դատարանում ընդունել է իր մեղքն ու պատմել հանցանքի մանրամասները: Նա նշել է, որ ծեծել է կնոջն ու պահել նրա գլուխը ջրի տակ, որպեսզի նա խեղդվի: Չինացին նշել է, որ նման քայլի է գնացել, քանի որ «այլևս չէր ցանկանում նրա հետ ապրել»: