Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդության հարցով նիստը հետաձգվել է, դատարանն այն կքննի դեկտեմբերի 13-ին

13:06 • 12.12.18

Դատական դեպարտամենտից Tert.am-ին հայտնեցին, որ նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին կալանքի քննության հարցով նիստը հետաձգվել է, այն կշարունակվի վաղը՝ 10:30:

Կալանքի միջնորդությունը քննում է դատավոր Արման Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ 2008-ի մարտի 1-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանին  դեռևս օգոստոսին մեղադրանք էր առաջադրվել: Դատարանն այսօր քննում էր նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել էին Հատուկ քննչական ծառայությունից, նշելով, որ լրացուցիչ տեղեկություններ կհայտնեն առաջիկայում:

Հիշեցնենք նաև, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նախկինում հայտնել էր, որ Արմեն Գևորգյանը Սահմանադրական դատարանի անդամի վրա ճնշում է գործադրել 2008 թվականի նախագահական ընտրությունների բողոքարկման հարցով որոշում կայացնելու համար։

Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել «ՀՀ Քրեական օրենսգրքի»՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող 332 հոդվածի 3-րդ մասով:

«Եթե անձին մեղադրանք է առաջադրվել, ուրեմն եղել են «Քրեական դատավարության» օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով ձեռք բերված ապացույցներ։ Ես չեմ ցանկանում փակագծերը բացել, խոսել, թե ինչ ապացույցներ են դրանք եղել, «Վիքիլիքսի» հրապարակման հիման վրա չի մեղադրանք առաջադրվել: Դրա համար եղել են համակցված ապացույցներ»,-մեղադրանքը ներկայացնելիս ասել էր Սասուն Խաչատրյանը: