Քուրդ պատգամավորն առաջարկել է ուսումնասիրել Մեծամորի ատոմակայանի՝ շրջակա միջավայրին հասցրած վնասի չափը

17:14 • 12.12.18

Թուրքիայի քրդամետ Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Իգդիրից ընտրված պատգամավոր Հադիփ Էքսիքը Մեջլիսին առաջարկել է ուսումնասիրություն անցկացնել Հայաստանի Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ և պարզել դրա՝ շրջակա միջավայրին հասցրած վնասի չափը:

Ինչպես գրում է թուրքական T24 կայքը, քուրդ պատգամավորը հայտարարել է, որ Մեծամորի ատոմակայանը մեծ վտանգ է ներկայացնում թե՛ Թուրքիայի, թե՛ Հայաստանի, թե՛ ամբողջ Կովկասի համար:

Էքսիքը նաև նշել է, որ ատոմակայանի առաջին էներգաբլոկը չունի վնասակար ռադիոակտիվ նյութերի արտանետումից պաշտպանող գմբեթ, իսկ երկրորդ էներգաբլոկը հագեցած չէ ատոմային աղետները կանխարգելող տեխնոլոգիաներով:

Պատգամավորը պնդել է, որ ատոմակայանի գործունեության պատճառով Հայաստանին սահմանակից և Մեծամորից ընդամենը 16 կմ հեռավորության վրա գտնվող Իգդիրի և մոտակա բնակավայրերի բնակչության մոտ վերջին 10 տարում կտրուկ աճել են քաղցկեղով հիվանդանալու դեպքերը:

«Այդ ատոմակայանն այնպիսի սպառնալիք է ներկայացնում մեր երկրին, ինչպես պայթյունի պատրաստ ատոմային ռումբը: Մինչդեռ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում», - ասել է Էքսիքը: