Վաչագան Ղազարյանի դրամական միջոցներն ու գույքը գտնվում են կալանքի տակ, 6 մլն դոլար պետությանը փոխանցելու հարցը կլուծվի քր. դատ. ընթացակարգերով. ՀՔԾ

16:10 • 13.12.18

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը երեկ հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ինքն ու ՀՀ-ից դուրս բնակվող գործարար ու բարերար իր ընկերը պատրաստ են 6 մլն դոլար փոխանցել պետությանը:

Tert.am-ը Հատուկ քննչական ծառայությունից պարզաբանում խնդրեց նշված գումարի փոխանցման վերաբերյալ, թե արդյոք հանվել է Վաչագան Ղազարյանին պատկանող գույքի և դրամական միջոցների արգելքը, ինչպես է պարտավորվում իր ընկերոջ հետ 6 մլն դոլար փոխանցել, ՀՔԾ-ի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն ասաց, որ կալանքը չի հանվել:

«Վաչագան Ղազարյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա դրված է կալանք, և ինչպես այդ գումարի, այնպես էլ արգելանքի տակ գտնվող նրան պատկանող մոտ մեկ տասնյակ անշարժ գույքերի հետ կապված հարցերը կքննարկվեն և կլուծվեն քրեական դատավարության ընթացակարգերով»,- ասաց Օհանջանյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով:

Նշենք, որ Tert.am-ի տեղեկություններով՝ Վաչագան Ղազարյանի անշարժ գույքը գնահատվում է բազմամիլիոն դոլար: