Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացվեց երկու ամսով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության քննիչի՝ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը:
Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը:
«Դատարանը բավարարեց միջնորդությունը»,- ասաց Հարությունյանը:
Նշենք, որ երեկ դատարանը մերժել էր Վաչագան Ղազարյանին 5 մլն դրամից սկսած գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը:
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Վաչագան Ղազարյանն առաջին ատյանի դատարանի որոշմամբ կալանավորվել էր, ապա նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 1 միլիարդ դրամ գրավը:
Այնուհետև Վճռաբեկ դատարանը բավարարել է գլխավոր դատախազի տեղակալի բողոքը և ուժի մեջ թողել Ղազարյանին կալանավորելու որոշումը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների կատարման համար, որ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է:










