Այդպիսի հայտարարությունը ոչ միայն անմեղության կանխավարկածի խախտում է, այլև ատելություն է մտցնում․ Ա. Գևորգյանի փաստաբանը՝ ՀՔԾ պետի հայտարարության մասին

19:58 • 13.12.18

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը դատարանում հանդես է եկել հայտարարությամբ և անդրադարձել իրեն առնչվող մեղադրանքին, սակայն ներկա պահին բովանդակությունը չեմ կարող ամբողջությամբ հրապարակել։ Այսօր դատականին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց Գևորգյանի շահերի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Նա հավելեց, որ եթե դատարանը Արմեն Գևորգյանի խափանման միջոցը չփոխի՝ դարձնելով կալանք, ապա հենց Արմեն Գևորգյանը կտա բոլոր հարցերի պարզաբանումները։ «Արմեն Գևորգյանը բոլոր մեղադրանքների առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ առնչություն չունի մեղսագրվող արարքների հետ»,– ասաց նա։

Ալեքսանյանը հավելեց, որ իրենք ներկայացրել են փաստեր, թե ինչու Արմեն Գևորգյանը խափանման միջոցը չպետք է կալանք դառնա։ Նրա խոսքով՝ նաև ներկայացրել են գրավի միջնորդություն, որը սակայն մերժվել է։Ծ

Ինչ վերաբերում է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, թե Արմեն Գևորգյանը այլ պաշտոնատար անձի միջոցով 2008 թվականին ճնշում է գործադրել ՍԴ անդամ Վալերի Պողոսյանի վրա, Էրիկ Ալեքսանյանը պատասխանեց․ «Ես այդ հայտարարությունը չեմ լսել, բայց եթե արել է, ապա նշեմ, որ չենք մոռանում անմեղության կանխավարկածը։ Այդպիսի յուրաքանչյուր հայտարարություն ոչ միայն անմեղության կանխավարկածի խախտում է, այլ նաև հասարակության մեջ որոշակի ազդեցություն է թողնում, այսինքն՝ ատելություն է մտցնում, որն էլ կարող է իր ազդեցությունը թողնել պետական համակարգի վրա»: