Սյունիքում բախվել են ավտոմեքենան ու ավտոբուսը. 3 հոգի մահացել է, կան վիրավորներ (լրացված)
Երևան-Մեղրի ավտոճանապարհին այսօր՝ ժամը 16:28-ին, իրար են բախվել Opel մակնիշի ավտոմեքենան ու իրանական ավտոբուսը: Զոհվել է երեք մարդ, մեկը ստացել է վնասվածք:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը: Նա հավելեց, որ ԱԻՆ-ը վթարի մասին ահազանգ ստացել է դեկտեմբերի 13-ի ժամը 16:20-ի սահմաններում:
«Վթարի են ենթարկվել Opel մակնիշի ավտոմեքենան ու ավտոբուսը: Արդյունքում, ավտոմեքենայի վարորդն ու երկու ուղևորներ մահացել են: Ավտոբուսի մեկ ուղևոր՝ 2000թ-ի ծնված մի տղա, տեղափոխվել է հիվանդանոց: Նա վնասվածք է ստացել ոտքի շրջանում, սակայն գիտակցություն ունի»,-ասաց նախարարի խոսնակը։
ԱԻՆ-ի տեղեկություններով՝ վնասվածք ստացած տղան տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն:
Ավելի ուշ ԱԻՆ-ից հայտնեցին նաև հետևյալը. «Բախման հետևանքով «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Գ. Հ.-ն (ծնված 1960 թ.) և 2 կին ուղևորները (տվյալները չի հաջողվել պարզել) տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորը՝ Բ. Օ.-ն (ծնված 2000 թ.) հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի զինվորական հոսպիտալ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 3 դիերը, հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը»:










