Ալիևի հետ հանդիպմանը Լավրովն ընդգծել է, որ ՌԴ-ն ԼՂ հարցի կարգավորումը ցանկանում է տեսնել արդար և փոխադարձ ընդունելի հիմքերի վրա

20:44 • 13.12.18

Ռուսաստանը ցանկանում է շարունակել աջակցել Բաքվի և Երևանի միջև անմիջական երկխոսությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:

«Մենք ցանկանում ենք շարունակել աջակցել ղարաբաղյան հակամարտության հարցով երկխոսությանը Բաքվի և Երևանի միջև», - ասել է Լավրովը, որը Բաքու է ժամանել՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

Նա նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է, որ այդ կարգավորումը տեղի ունենա արդար և փոխադարձ ընդունելի հիմքերի վրա: «Ռուսաստանն իր ազգային կարողությամբ և որպես Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա Եռյակի անդամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ անելու է ամեն ինչ, որպեսզի նպաստի հակամարտության կարգավորմանը հասնելուն»,- եզրափակել է Լավրովը:

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվող տեղեկության համաձայն՝ Բաքվում Լավրովը հանդիպում կանցկացնի նաև երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: