ՀԱՀ-ում դատարանը մարդակերության համար ցմահ ազատազրկման է դատապարտել երկու տղամարդու

13:15 • 13.12.18

Հարավաֆրիկյան Հանրապետությունում դատարանը երկու տղամարդու ցման ազատազրկման է դատապարտել վճռի բնորոշմամբ՝ «ամենազազրելի հանցանքի» համար, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ խոսքը մարդակերության մասին է:

Երեսուներեքամյա Նինո Մբաթհան և 32-ամյա Լունգիսանի Մագուբանեն ձերբակալվել էին  2017թ.-ին կատարած սպանության գործով:

Մբաթան, որը զբաղվում է ավանդական բժշկությամբ, ձերբակալվել էր ինքնակամ ոստիկանություն ներկայանալուց հետո: Նա իր հետ բերել էր մարդկային մարմնի մասերով լի տոպրակ ու ասել, որ «ձանձրացել է մարդու միս ուտելուց»:  

Սկզբում ոստիկանությունում կարծել են, թե նա հոգեկան խնդիրներ ունի, սակայն Մբաթայի պայուսակում մարդու ոտք և ձեռք հայտնաբերելուց հետո, հասկացել են, որ մարդակերի հետ գործ ունեն: Հանցագործը ոստիկաններին տարել է մի տուն, որտեղ մարդկային մարմնի այլ մասեր են հայտնաբերվել:

Պարզվել է, որ Մբաթան իր մեղսակցի հետ սպանել է 24-ամյա մի տղամարդու՝ նրա միսն ուտելու նպատակով:

Երկու հանցագործներն էլ ձերբակալվել են և ցմահ ազատազրկման դատապարտվել:

Հարավաֆրիկյան Հանրապետությունում մարդակերության դեմ ուղղակի օրենքներ չկան, սակայն մահացածի դին խեղելը և մարդկային մարմնի մասեր պահելը քրեական հանցանքներ են համարվում: