ԱՄՆ Պետդեպը խստորեն դատապարտել է Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչությունը
Միացյալ Նահանգները խստորեն դատապարտել է Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչությունը և պատրաստակամություն հայտնել ցանկացած հարցում օգնել Ֆրանսիային: Այդ մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք բարձր ենք գնահատում արագ արձագանքման ծառայության աշխատանքը և պատրաստ ենք ցանկացած օգնություն տրամադրել, որը ֆրանսիացի պաշտոնյաներին անհրաժեշտ կլինի այս դժվար պահին», - նշված է Պետդեպի հայտարարության մեջ:
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել է, որ Միացյալ Նահանգները լի է վճռականությամբ ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ մյուս դաշնակիցների հետ պայքարել ահաբեկչության սպառնալիքի դեմ`համատեղ ուժերով «վերջ տալու անիմաստ հարձակումներին և կանգնեցնելու դրանք իրագործողներին»:










