Ռուսական կողմին հստակ պահանջներ պետք է ներկայացնի առաջին հերթին ՀՀ գլխավոր դատախազությունը. Ա. Սաքունցը՝ Գյումրիում ռուս զինծառայողի մասնակցությամբ միջադեպի մասին
Հերթական անգամ ռուսական կողմը կոպտորեն խախտում է ռուս-հայկական պայմանագիրը. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Գյումրիում ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին դաժան ծեծի հետևանքով Գյումրիում մահացել է 1961 թվականին ծնված Ջուլիետա Ղազարյանը:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը): Ջուլիետա Ղազարյանին անզգուշությամբ մահ պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող:
Ըստ Սաքունցի՝ քրեական գործը ոչ թե ռուսական բազայի տարածքում պետք է քննեն, այլ ՀՀ քննչական բաժնում: «Ոչ միայն սուտ քննելու մասին է խոսքը, այլև ՀՀ դատարանն է այդ անձին որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը, և պետք է նա կալանքը կրի ՀՀ քրեակատարողական հիմնարկում»,- ասաց նա:
Արթուր Սաքունցի խոսքով՝ այս պարագայում ռուսական կողմին հստակ պահանջներ պետք է ներկայացնի առաջին հերթին ՀՀ գլխավոր դատախազությունը, և երկրորդը՝ այնուամենայնիվ, դեպքի հետ կապված դիրքորոշում պետք է հայտնի ՀՀ կառավարությունը:
«ՌԴ դեսպանատունը ՀՀ-ում ցինիկ ձևով փորձեց գրաքննություն մտցնել, թե ՀՀ լրատվական միջոցները ինչպես չպետք է ներկայացնեն այդ դեպքը, և նաև գնահատական տա, որ նման տեղեկատվությունը հակասում է հայ-ռուսական բարեկամությանը, փոխանակ սեփական պատասխանատվությունը, ափսոսանքն ու զղջումն արտահայտի»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք նույն սցենարով է ամեն ինչ ընթանում, ինչ Ավետիսյաններին սպանած Պերմյակովի դեպքում էր, Սաքունցն ասաց, որ դեռևս չի կարող ասել, սպասում է արձագանքի:
«Հիմա պետք է հասարակական պահանջ ներկայացնել, որպեսզի անպայման դրա արձագանքը լինի»,- ասաց նա:










