Ստրասբուրգի հրաձիգը սպանվել է ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի սուրբծննդյան տոնավաճառի մոտ դեկտեմբերի 11-ի երեկոյան հրաձգություն իրականացրած 29-ամյա Շերիֆ Չեկատը հինգշաբթի երեկոյան սպանվել է ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ: Այս մասին հաղորդում է BFM հեռուստաալիքը՝ քաջատեղյակ աղբյուրին հղումով:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հանցագործը սպանվել է Ստրասբուրգի հարավային մասում գտնվող Նոյդորֆ շրջանում: Agence France-Presse-ի աղբյուրի հաղորդմամբ՝ «տղամարդը սպանվել է Լազարեթ փողոցում»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Չեկատը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ և գնդակահարվել է փոխհրաձգության ժամանակ: BFM-ի հեռարձակած տեսանյութից երևում է, թե ինչպես են դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ծափահարություններով ողջունում ոստիկաններին:
Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան Ստրասբուրգի 29-ամյա բնակիչը քաղաքի կենտրոնում գտնվող սուրբծննդյան տոնավաճառի մոտ կրակ էր բացել անցորդների ուղղությամբ, այնուհետև փախուստի դիմել: Միջադեպի հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 13-ը:










