Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի միջնորդությունը (տեսանյութ)
16:11
Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանն կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը:
Այս մասին դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ նախկին փոխվարչապետ, գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանը:
«Սակայն սա չի նշանակում, որ գործն ավարտվել է։ Մենք շարունակելու ենք աշխատել՝ ներկայացնելով փաստարկներ, մոտեցումներ, որով փորձելու ենք հիմնավորել մեր անմեղությունը, ներկայացված մեղադրանքների անհիմությունը»,- ասաց նա։
Գևորգյանը, խոսելով երեկ դատական նիստում ունեցած իր եզրափակիչ ելույթի մասին, շեշտեց, թե փորձել է ներկայացնել իր անցած ճանպարհը, թե ինչով է զբաղվել վերջին 20 տարում՝ ՌԴ-ից վերադառնալուց հետո, ինչ սկզբունքներով է կազմակերպել իր աշխատանքը պետական ապարատում և այլն։
Դիտարկմանը, որ նա մեղադրվում է նաև Սահմանադրական կարգի տապալման մեջ, նա արձագաքեց․ «Կարծում եմ՝ քննությունը բոլոր հանգամքները կպարզի, մինչ այդ էլ դատական կայացված վճիռներ կան, որոնք օրինական ուժի մեջ են մտել և հստակ արձանագրված է, թե ով, ինչ մեղք է ունեցել Մարտի 1-ի գործում»։
Միևնույն ժամանակ նա նշեց, որ իր համար ականկալ էր, որ 4 ամիս անց մեղադրանքը փոխվել է։ Նա հիշեցրեց, որ Սահմանադրական կարգի տապալման մեջ համար իրեն մեղադրել են, երբ արդեն իսկ այլոց մեղադրանքներ էին առաջադրվել։
Ինչ վերաբերում հարցին, թե իր գործով եղե՞լ է «զանգովի արդարադատություն», Արմեն Գևորգյանն ասաց․ «Կարող եմ ասել, որ բոլոր կողմերը դատարանում հնարավորություն են ունեցել իրենց փաստարկները ներկայացնել, և այս առումով կողմնակալություն չեմ տեսել։ Սակայն, կարծում եմ, որ մեր երկրում ստեղծված իրավիճակը, շատերին հուզում էր, որ իմ գործով կարող է այլ որոշում լինել»։
16:08
Երևանի ընդհանուր իրավասության դատարան ժամանեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, որը որևէ տեսակետ չհայտնեց՝ պատճառաբանելով, որ դատարանի որոշումը դեռևս չկա։ Գևորգյանը շեշտեց, թե ինքը բոլոր գործընթացներին նայում է օպտիմիստորեն։
Հարցին՝ ծանր մեղադրանքներ են առաջադրված, այդտեղ ի՞նչ օպտիմիզմ, Արմեն Գևորգյանը պատասխանեց․ «Մեղադրանքները ծանր են, բայց գլխավորն այն է, որ ես դրանք չեմ ընդունում»:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 16:00-ին հրապարակելու է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կալանքի միջնորդության վերաբերալ որոշումը: Դեկտեմբերի 11-ին կալանքի միջնորդություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայությունը: Երեկ դատարանն ավարտեց կալանքի միջնորդության քննությունը:
Արմեն Գևորգյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում, նույնը նա պնդել է նախաքննական ցուցմունքի մեջ:
Նշենք, որ Արմեն Գևորգյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել էր, որ իրենք ներկայացրել են փաստեր, թե ինչու Արմեն Գևորգյանի խափանման միջոցը չպետք է կալանքը լինի։ Նրա խոսքով՝ նաև ներկայացրել են գրավի միջնորդություն, սակայն քննիչն առարկել է:
Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին դեռ 2018-ի օգոստոսին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործին: Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Նրա մեղադրանքն այժմ լրացվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը, ինչպես նաև ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։










