ԱՄՆ Սենատն ընդունել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգին Խաշոգջիի սպանության պատասխանատուն համարող բանաձևի նախագիծ
ԱՄՆ Սենատն ընդունել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամադ բին Սալման ալ Սաուդին պատասխանատվության ենթարկելու պահանջով բանաձևի նախագիծ, որով արքայազնը ճանաչվել է ընդդիմադիր սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գլխավոր պատասխանատուն:
Ինչպես հաղորդում է diken.com.tr կայքը, Սենատի ընդունած նախագիծը նախ պետք է հաստատվի Ներկայացուցիչների պալատի կողմից, այնուհետև այն կներկայացվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրմանը:
Հիշեցնենք, որ բանաձևի նախագիծը մշակել ու ներկայացրել են Դեմոկրատական ու Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչները՝ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի գլխավորությամբ: Փաստաթուղթն օրենքի ուժ չունի, այն միայն ամրագրում է Սենատի դիրքորոշումը հարցի վերաբերյալ:
Առաջարկված փաստաթղթում սաուդյան արքայազնը համարվում է տեղի ունեցածի գլխավոր պատասխանատուն, քանի որ հենց նա է ղեկավարել անվտանգության ուժերը սպանության իրականացման ժամանակահատվածում:
Ավելի վաղ ամերիկացի սենատորները Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջինա Հասփելից սաուդցի ընդդիմադիր լրագրողի սպանության սկանդալային դեպքի վերաբերյալ ստացած գաղտնի տեղեկությունների վերլուծությունից հետո հայտարարել էին, որ The Washington Post-ի սյունակագրի սպանության պատվիրատուն հենց արքայազն Մուհամադ բին Սալմանն է:
Լրագրող Ջամալ Խաշոգջին հոկտեմբերի 2-ին մտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան ու այլևս այնտեղից դուրս չի եկել: Ավելի ուշ հայտնաբերված ապացույցների համաձայն՝ Խաշոգջիին սպանել են, հետո մասնատել: Նրա դին առ այսօր չի հայտնաբերվել:










