«Գուցե նա Հայաստանի համար ավելի լավը լինի, քան ցանկացած հայ». Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի իր թեկնածուի մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչու է Հայաստանն ընդդիմանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի առաջադրած թեկնածուին, գրում է interfax.by-ը:
«Ես ձեզ տալիս եմ գործող պետքարտուղար, երիտասարդ գեներալ (նկատի ունի Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին – tert.am): Խելացի տղա է, ունի մեծ փորձ ու կատարած աշխատանք: Նա պետքարտուղար է և նրան գիտեն բոլոր նախագահները», - ասել է Լուկաշենկոն՝ հայտարարելով, որ Հայաստանի իշխանություններն այս հարցում պետք է զիջեն մյուս անդամ երկրներին, քանի որ «հենց նրանք են ՀԱՊԿ-ին ներքաշել իրենց ներքաղաքական խնդիրների մեջ»:
Լուկաշենկոն նաև առաջարկել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար իր առաջադրած թեկնածուն՝ Զասը, այցելի կազմակերպության անդամ բոլոր երկրներ, այդ թվում՝ Հայաստան:
«Կարող եք չհամաձայնել նրա թեկնածությանը, կարող եք հետևել ձեր սկզբունքներին, բայց պետք է խոսեք նրա հետ: Գուցե նա ձեզ համար ավելի լավը լինի, քան ցանկացած հայ: Ինչո՞ւ եք վախենում բելառուսներից, չէ՞ որ մենք յուրային ենք»,- ասել է Լուկաշենկոն:
Հայտնի է, որ հայկական կողմը հակված է հարցի լուծման այլ տարբերակի՝ հաշվի առնելով, որ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այս պաշտոնում ծառայել է նախատեսված 3 տարուց միայն մեկուկեսը: Հետևաբար՝ ՀՀ նոր ներկայացուցիչը կարող է շարունակել պաշտոնավարել մնացած մեկուկես տարվա ընթացքում:
Հնարավոր է՝ մինչև 2020 թվականի մայիս կազմակերպության գլխավոր քարտուղար մնա ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:










