Պետական կառավարիչները՝ ի դեմս վարչապետի, պետք է ձերբազատվեն թիմային հոգեբանությունից, սխալվելը բանակի համար անդառնալի հետևանքներ կունենա. ռազմական փորձագետ

10:59 • 15.12.18

Եթե վերադասը հրաման է կայացնում, զինվորական մարդիկ հրամանը կատարում են, հետո կարող են բողոքարկել, բայց կարծում եմ, որ Լևոն Մնացականյանի պաշտոնանկությունը այդ դեպքը չի, երբ հրամանից հետո պետք է տրվեն մեկնաբանություններ, քանի որ հրաման տվողը, որոշում կայացնողը ամբողջովին ինքն է կրում դրանից բխող պատասխանատվությունը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը` անդրադառնալով Արցախի պաշտպանություն բանակի արդեն նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի հայտարարությանը, թե միգուցե իրեն որոշել են «հանել» Սասուն Միքայելյանի հայտնի հայտարարության հետ կապված Արցախից հնչող մեկնաբանությունների պատճառով, մասնավորապես Սենոր Հասրաթյանի մեկնաբանության: «Կարծում եմ` որոշում կայացնելուց առաջ բավականին ծանրութեթև արած կլինեն, եթե սխալ որոշում է կայացրել, պատասխանատվությունը ինքն է կրում»:

Հարցին՝ անկախ նրանից, որ հրամանագիրը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն է ստորագրել, կարծո՞ւմ է, որ որոշում կայացնողն էլ նա է եղել, թե՞ իրականում որոշողը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է եղել, Հայկ Նահապետյանը պատասխանեց, որ այդ հարցին պետք է պատասխանի Բակո Սահակյանը: Ինչ վերաբերում է հարցին, թե փորձագետը քաղաքական ենթատեքստ չի՞ տեսնում Լևոն Մնացականյանի պաշտոնանկության հետ կապված, Հայկ Նահապետյանն ասաց.

«Ես ամեն ինչի մեջ եմ քաղաքական ենթատեքստ տեսնում սկսած 1991թ-ից ՀՀ-ում տեղի ունեցող բոլոր գործընթացներում` ներառյալ նաև գնդի, բրիգադի, պաշտպանական շրջանի հրամանատարներին հանելուց կամ դնելուց, որպես կանոն հաճախ սուբյեկտիվ ընկալումներ կան, և կա թայֆայականություն, որը որ մենք ապրում ենք 1991թ-ից սկսած, դա նոր երևույթ չէ: Եթե իմ թիմից ես, մնում ես, նշանակում է, չի գնահատվում մասնագիտականը»: Հայկ Նահապետյանն ընդգծեց, որ նման երևույթներից բանակը պետք է զերծ պահել:

«ՀՀ պետական կառավարիչները՝ ի դեմս վարչապետի պետք է ձերբազատվեն թիմային հոգեբանությունից, պատերազմող երկրին անհարիր է թիմային հոգեբանությունը, պատերազմող երկրում չափվում են բանակները, պետական ինստիտուտները, որտեղ պետք է լինեն առավելագույն պրոֆեսիոնալները: Բանակը պետք է զերծ պահել քաղաքական որևէ գործընթացից՝ շարքային զինվորից մինչև գերագույն գլխավոր հրամանատար, եթե քաղաքական նկատառումներով է որոշում կայացվում, ապա դա ձախողում է, բանակը, եթե սխալվեց, հաճախ թշնամու արնոտ սուրն է ուղղում, որը բերում է պարտությանը:

Բանակը տնտեսական օղակ չէ, կրթական օղակ չէ, որտեղ սխալները կարող ես շտկել և գնալ առաջ, բանակում այլ է , եթե կադրային քաղաքականության մեջ սխալվես, կորուստների կարող է բերել, ընդ որում, անդառնալի»,-նշեց նա: