Նկարիչների միությունը նախագահ է ընտրում. թեկնածուն բարձրաձայնում է միության «պարտքերի» մասին
Հայաստանի նկարիչների միությունն այսօր անցկացնում է 19-րդ համագումարը: Ինչպես հայտնեց միության նախագահ Կարեն Աղամյանը, օրակարգում միության նախագահի, վարչության և ռևիզիոն կազմի ընտրության հարցերն են:
Կարեն Աղամյանն ասաց, որ ինքն առաջադրված է նախագահի պաշտոնում, տեղեկացրեց, որ իրենից բացի կա ևս 2-3 թեկնածու: Հարցին՝ Ձեր երկար պաշտոնավարման հետ կապված խնդիր չկա՞ Միությունում, Կարեն Աղամյանը պատասխանեց. «Ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, ամեն անգամ ստացել եմ առնվազն 80 տոկոս ձայն, եթե քիչ լիներ, գուցե չհամաձայնեի: Ես վրդովված եմ, այն անձինք, որոնք ուզում էին ընտրվել, դիմեցին ոչ ճիշտ ճանապարհի, և ես մեկ անգամ էլ կփորձեմ առաջադրվել»:
Աղամյանը խոսեց նաև միության առջև ծառացած խնդիրների մասին՝ նշելով, որ երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո իրենք նույնպես փորձում են համահունչ լինել իրավիճակին: «Նկարիչների արվեստանոցների գույքահարկը հավասարեցված է կազինոների կամ ռեստորանների գույքահարկին: Սա աբսուրդ է: Մեծ հույս ունեմ, որ նոր իշխանություններն ավելի ուշադիր կլինեն, այս անիմաստ օրենքը կփոխվի»,- նշեց նա:
Նկարիչների միության նախագահի թեկնածու Խաչիկ Աբրահամյանն էլ ասաց, որ արվեստագետ նկարիչ-քանդակագործներն են իրեն առաջարկել առաջադրվել: «Ունենալով 30 տարվա փորձ աշխարհի տարբեր երկրներում՝ ես համաձայնեցի առաջադրվել: Մեր նկարիչներին հարկավոր է ցուցադրվել աշխարհի ամենատարբեր երկրներում: Ով ստեղծել է այդ պարտքերը, թող իրենք էլ փակեն: Դա որևէ մեկի գործը չէ, դրա հետ կապված կան օրգաններ, որոնք կարող են զբաղվել ու պատասխանը տան: Պատասխանատվությունը կփոխանցվի նրան, ում վրա եղել են այդ պարտքերը: Ոնց կլինի, դու անես, թողնես ուրիշների վրա»,- մանրամասնեց Խ. Աբրահամյանը:










