Ավստրալիան Արևմտյան Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք
Ավստրալիան Արևմտյան Երուսաղեմը պաշտոնապես ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք, սակայն առայժմ չի պատրաստվում դեսպանատունն այնտեղ տեղափոխել:
Ինչպես նշում է Reuters-ը, նման հայտարարությամբ է հանդես եկել երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնը:
«Ավստրալիան այժմ Արևմտյան Երուսաղեմը՝ Քնեսեթի ու մյուս կառավարական հաստատությունների նստավայրը, ճանաչում է Իսրայելի մայրաքաղաք: Երբ ճիշտ ժամանակը գա, մենք մեր դեսպանատունն այնտեղ կտեղափոխենք»,-ասել է Մորիսոնը:
Հայտնի է, որ Ավստրալիայի որոշումն արդեն քննադատել են հարևան մուսուլմանական պետությունները՝ նշելով, որ դա կարող է հանգեցնել իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման:
Իսրայելն ամբողջ Երուսաղեմը, այդ թվում՝ 1967թ. պատերազմից հետո շրջափակման մեջ վերցրած արևելյան հատվածը, համարում է իր պետության մայրաքաղաք: Սակայն միջազգային հանրությունը հավատացած է, որ Երուսաղեմի կարգավիճակը պետք է այնկերպ լուծվի, որ թե՛ Իսրայելը, թե՛ Պաղեստինը բավարարված լինեն:
Երուսաղեմի կարգավիճակի հարցը իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման մեծագույն խոչընդոտներից է: Պաղեստինը ցանկանում է անկախ պետություն հիմնել ու Արևելյան Երուսաղեմը մայրաքաղաք հռչակել:










