Ուժային կառույցներում մշտապես լինում են տեղաշարժեր, արտառոց բան չեմ տեսնում. Ա. Վանեցյանը՝ Լևոն Մնացականյանի ազատման մասին
Ուժային կառույցներում մշտապես լինում են տեղաշարժեր։ Արցախի հանրապետության Պաշտպանության նախարարի արդեն նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի այլ աշխատանքի անցնելը շատ բնական եմ համարում։ Որևէ արտառոց բան չեմ տեսնում։
Այս մասին Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Լևոն Մնացականյանը շատ մեծ գործ է արել՝ իր անցած ուղով։ Նորանշանակ հրամանատարը երկար տարիներ աշխատել է Լևոն Մնացականյանի հետ և տիրապետում է պաշտպանության բանակի բոլոր նրբություններին, և եթե արտառոց բան լիներ, ապա Մնացականյանին չէր փոխարինի շտաբի պետը»,-ասաց նա։
Արթուր Վանեցյանն ասաց,որ Արցախի և հայկական սահմանները ինչպես պաշտպանվել են, այնպես էլ պաշտպանվել են։
Դիտարկմանը,թե դա կապ չունե՞ր Սասուն Միքայելյանի հայտարարության և Լևոն Մնացականյանի պատասխանի հետ,Արթուր Վանեցյանն ասաց այդպես չի կարծում։
Հիշեցնենք, որ երեկ պաշտոնապես հայտնի էր դարձել, որ Լևոն Մնացականյանն ազատվել է պաշտոնից: Արցախի ՊՆ նոր նախարար է նշանակվել Կարեն Աբրահամյանը:
Արցախի նախագահի մեկ այլ հրամանագրով գնդապետ Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 42009 զորամասի հրամանատարի պաշտոնից։
Արթուր Վանեցյանն անդրադարձավ ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնում իր հնարավոր նշանակման մասին տեղեկությանը և հույս է հայտնել, որ դեռևս երկար տարիներ կշարունակի պաշտոնավարել որպես ԱԱԾ տնօրեն:
«Ինձ հետ որևէ մեկը չի խոսել իմ աշխատանքի փոփոխության մասին, որևէ առաջարկ Նիկոլ Փաշինյանից չեմ ստացել և ես շարունակում եմ իմ ծառայությունը որպես ԱԱԾ տնօրեն: Հույս ունեմ, որ կշարունակեմ պաշտոնավարել որպես ԱԱԾ տնօրեն»,-ասաց Արթուր Վանեցյանը:
Նա ասաց, որ երկար տարիներ է աշխատել այդ կառույցում. «Երբ լրացավ իմ 20 տարեկանը, ես ընդունվեցի ԱԱԾ համակարգ աշխատանքի և այդ տարիքից ի վեր աշխատել եմ ԱԱԾ-ում և հպարտանում եմ իմ կատարած աշխատանքով: Ինձ համար մեծ հպարտություն է ղեկավարել այս կառույցը: Այս ընթացքում ԱԱԾ-ն փոխել է իր դեմք և դա շատ փոքր մաս է, որը մենք արել ենք մեր գործընկերների հետ»:
Վանեցյանի խոսքով՝ 2018-ի մայիսից հետո նոր էջ բացեցին ԱԱԾ պատմության մեջ, այսօր ԱԱԾ-ն գործում է մի իրավիճակում, երբ ԱԱԾ տնօրենը մշտապես հրապարակային ելույթներ է ունենում, հանդիպումներ են լինում լրագրողների հետ և կարծում է՝ դա շարունակական է լինելու:










