ՊԲ հրամանատարի փոփոխությունը չեմ դիտարկում Արցախում հեղափոխության ներթափանցման կամ լուրջ փոփոխությունների համատեքստում․ Հայկ Խանումյան

16:58 • 16.12.18

Արցախում լուրջ փոփոխությունների կարիք կա. կլինի դա հեղափոխական, թե ոչ հեղափոխական ճանապարհով, այլ հարց է:

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի Հանրապետության «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը՝ անդրադառնալով տեսակետին, թե ՀՀ-ում կատարված հեղափոխությունը հասնում է Արցախ։

Նա առաջնային է համարում ԱՀ նախագահ Բակո Սահակյանի՝ իշխանությունից հեռացումը։ Խանումյանը հիշեցրեց՝ Արցախում եղել են սահմանադրական փոփոխություններ՝ նկատելով, որ թե՛ նախկին, թե՛ գործող Սահմանադրությամբ ԱՀ նախագահի համար պաշտոնավարման 3-րդ ժամկետ չի նախատեսվում։

«Իսկ Բակո Սահակյանը պաշտոնավարում է 3-րդ ժամկետում, հետևաբար, նա  ապօրինի է նախագահում, ժամկետանց նախագահ է, միանշանակ, փոփոխություններ պետք է լինեն»,- ասաց նա։

Միևնույն ժամանակ Հայկ Խանումյանը նկատեց, թե Արցախի պաշտպանության բանակում կատարված փոփոխությունները՝ ԶՈւ ԳՇ պետի ու Պաշտպանության նախարարի հետ կապված, չի դիտարկում Արցախում հեղափոխության ներթափանցման կամ բուն փոփոխությունների համատեքստում։

«Պաշտպանության բանակի հրամանատարի փոփոխությունն այս փոփոխություններով չեմ պայմանավորում, կարծում եմ, որ սովորական ռոտացիա էր։ Բանակում կան բազմաթիվ գրագետ գեներալներ, գնդապետներ, որոնք պետք է համալրեն ՊԲ հրամկազմը։ Սա դիտարկում եմ որպես սովորական գործընթաց»,- ընդգծեց Խանումյանը։

Պատգամավորը հավելեց, որ Արցախում բազմաթիվ խնդիրներ կան, որոնցից ամենալուրջը համարում է կոռուպցիան, որը, ըստ նրա, համակարգային բնույթի է։ Նրա խոսքով՝ Արցախի ներկայիս իշխող համակարգը համապետական բյուջեի գումարներն անարդյունավետ է ծախսում, ավելին՝ պնդեց, թե պետբյուջեի գումարներն իշխանության ներկայացուցիչները սեփական բիզնեսի մեջ են պտտեցնում։

«Կատարում են տարատեսակ փողերի լվացումներ տարբեր հիմնադրամների միջոցներով և այլն։ Մի խոսքով՝ այն միջոցները, որոնք պետք է գնային երկրի  զարգացմանը, հանրության կարիքների բարելավմանը, այդ մարդիկ օգտագործում են իրենց ու իրենց նեղ շրջապատի անձնական կարիքների համար։ Հետևաբար, առաջնային խնդիրն այս համակարգից ազատվելն է։ Բակո Սահակյանի՝ առաջիկա ընտրություններին չմասնակցելը շատ բան չի փոխում, քանի որ գլխավոր նպատակը կոռուպցիոն համակարգի վերարտադրության կանխումն է՝ կլինի դա Բակո Սահակյանի, թե այլ մարդու տեսքով»,- շարունակեց պատգամավորը։

Հայկ Խանումյանն Արցախում կոռուպցիայի դեմ պայքարն օրենսդրական լուծումներով չի տեսնում։ Ըստ նրա՝ զուտ քաղաքական կամք է հարկավոր։

«Այս պարագայում օրենսդրական փոփոխություններն այնքան էլ էական չեն, քանի որ գործող օրենքներով էլ թալանը չի թույլատրվում, որն անում են Բակո Սահակյանն ու իր թիմակիցները»,- հավելեց Հայկ Խանումյանը։

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք այսօր ՀՀ իշխանությունները ներգրավվա՞ծ են Արցախի ներքաղաքական կյանքում, Հայկ Խանումյանը պատասխանեց․ «Հայաստանի նոր իշխանությունները սկզբում աջակցեցին Բակո Սահակյանին, Արցախում կատարված բարեփոխումները, չնայած դրանք տեղի չեն ունեցել։ Բայց նախկինում՝ ՀՀԿ իշխանության ժամանակ, որոշումներն ընդունում էր Սերժ Սարգսյանը, իսկ Սերժ Սարգսյանի մոտ մուտք ուներ միայն Բակո Սահակյանը։ Այժմ հույս ունեմ, որ որոշումների ընդունման գործընթացում կապահովվի ժողովրդավարական գործընթաց, այդ թվում՝ հաշվի կառնվի նաև հանրության տեսակետը»։

Արցախի ԱԺ պատգամավորը նաև համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե Արցախում անկայունություն կլինի, եթե ՀՀ-ում գործող կուսակցությունները գրանցվեն նաև Արցախում։ Նրա գնահատմամբ՝ նոր կուսակցությունները կավելացնեն քաղաքական մրցակցությունը։

«Արցախում արդեն գործում է «Սասնա Ծռեր» կուսակցությունը, վաղուց գործում է Դաշնակցությունը։ Կարծում եմ՝ տարբեր կուսակցությունների մուտքն Արցախ կակտիվացնի քաղաքական համակարգը, կլինի քաղաքական մրցակցություն, ինչն ինքնին ժողովրդավարությանը հարիր գործընթաց կլինի»,- եզրափակեց Հայկ Խանումյանը։

 

 

 

 

ՀեղինակԱնի Օհանյան