Վոլոգդայի բազմաբնակարան շենքերից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել. կա զոհ և տուժածներ
Ռուսաստանի Վոլոգդայի մարզի Վոլոգդա քաղաքում Կառլ Մարքսի 74А հասցեում գտնվող բնակարաններից մեկում կենցաղային գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մի քանիսը վնասվածքներ են ստացել: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 00:30-ին (երևանյան ժամանակով ժամը 01:30-ին): Նշվում է, որ տուժած կինը մահացել է շտապօգնության մեքենայում՝ հիվանդանոցի ճանապարհին: Միջադեպի հետևանքով վիրավորվել է ևս առնվազն 7 մարդ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր, մյուսների դեպքում հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել: Տուժածների հստակ թիվը դեռ ճշտվում է:
ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել շենքի 5-րդ մուտքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում: Պայթյունի հետևանքով մասամբ փլուզվել է շենքի տանիքը: Միջադեպի բոլոր հանգամանքները պարզվելու համար դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Շենքի 5-րդ և հարևան մուտքերի բնակիչները տարհանվել են:










