Նախօրեին Փարիզում ձերբակալվել է «դեղին անթև բաճկոնների» ակցիայի 179 մասնակից, ցուցարարների թիվը նվազել է
Նախօրեին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում «դեղին անթև բաճկոնների» հերթական բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է 179 քաղաքացու, այս մասին տեղեկացնում է СNews-ը՝ հղում անելով իրավապահների հայտնած տվյալներին:
Ըստ առկա տեղեկությունների՝ նախօրեին փողոց է դուրս եկել ակցիայի շուրջ 4000 մասնակից, նշվում է նաև, որ ձերբակալվածներից 144-ը կալանավորվել են:
Այս անգամ նույնպես զանգվածային ցույցերը չեն անցել առանց տուժածների. ոստիկանությունից հայտնել են, որ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 9 մարդ:
Ակցիաների մասնակիցները պահանջում են հարկերի իջեցում, նվազագույն աշխատավարձի բարձրացում, կենսաթոշակային արտոնություններ, ինչպես նաև Մակրոնի հրաժարականը:
«Դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը: Սակայն նույնիսկ այս քայլը չի բավարարել «դեղին անթև բաճկոններին», որոնց միացել են նաև ուսանողները, ինչպես նաև մեծ թվով անարխիստներ՝ երկրի տարբեր հատվածներից:










