2018 թվականին ԱՄՆ-ի սահմանը հատելու փորձի ժամանակ ավելի քան 260 մարդ է մահացել. ABC

02:53 • 16.12.18

Ընթացիկ տարում Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանն անօրինական ճանապարհով հատելու փորձի ժամանակ ավելի քան 260 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է ABC հեռուստաալիքը՝ ամերիկյան կառավարական զեկույցին հղումով:

Ինչպես նշվում է զեկույցում՝ ամերիկացի սահմանապահների կողմից ինքնությունը պարզված զոհերի մեծ մասը՝ ավելի քան 110 մարդ, եղել են Մեքսիկայի քաղաքացիներ:

Անօրինական ներգաղթյալների մեծ մասը մահանում է ուժեղ շոգից: Այս տարի առնվազն 50 մարդ մահացել է սահմանի երկայնքով հոսող գետը լողալով անցնելու փորձի ժամանակ:

АВС-ի հաղորդմամբ՝ այս տարի ամերիկա-մեքսիկական սահմանն անօրինական ճանապարհով հատելու փորձի ժամանակ զոհված մարդկանց թիվը զգալիորեն նվազել է: ԱՄՆ մաքսային ու սահմանային ծառայության տվյալներով՝ 2016 թվականին ամերիկյան սահմանը հատելու փորձի ժամանակ մահացել է 329 մարդ: Ընթացիկ տարվա վերջին զոհերից մեկը եղել է գվատեմալացի 7-ամյա աղջնակը, որը մահացել է հոր հետ սահմանը հատելու անհաջող փորձից և դրա արդյունքում սահմանապահների կողմից ձերբակալվելուց ժամեր անց: