Ավելացված ծախսերով Երևանի 2019-ի բյուջեի նախագիծը դեռևս քննարկման փուլ չի անցել և շատ հավանական է՝ մերժվի. ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ
Երևանի 2019-ի բյուջեի նախագիծը դեռևս քննարկման փուլ չի անցել և շատ հավանական է, որ համոզիչ պարզաբանումներ չստանալու դեպքում նախագիծը մերժվի:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու «Լույս» խմբակցության կողմից հրապարակված քննադատությանը, որ 2019 թվականի Երևանի բյուջեի նախագիծը հետընթաց է նույնիսկ 2018-ի բյուջեի համեմատ, քանի որ պարգևատրումների, արտասահմանյան գործուղումների ծախսերն ավելացել են:
«Մենք դեռևս հանդիպումներ ունենք ֆինանսատնտեսական հանձնաժողովի հետ, որտեղ բավական հարցեր կպարզաբանվեն, ուղղումներ, կարծում եմ, որ կարվեն, այսինքն ՝ դա դեռևս նախագիծ է»,- ասաց նա:
Արթուր Մանուկյանը «Լույս» դաշինքի նման ակտիվ գործունեությունը կարևորեց: «Դա մեզ՝ ավագանու անդամներիս, շատ օգնում է, որպեսզի ավելի խորամուխ լինենք, տեսնենք՝ իրենց ասածներից որն է համապատասխանում իրականությանը, որն այդքան էլ չէ, մեզ զգոնացնում է»,- ասաց նա:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչը նշեց, որ դեռևս պետք է հասկանան, թե նպատակային ծախսերը նախորդ տարիներին և այս տարի որքանով են համապատասխանում իրականությանը: Մի բանում նա համոզված է՝ բացառվում է, որ օրենքի խախտմամբ փորձ է արվում յուրացումների ու չարաշահումների ճանապարհով գնալ: «Ես բացառում եմ, որ դրանք հնարավոր է յուրացումներ լինեն, անհնարին է, եթե նման բան լինի, դա շատ վատ հետևանքներ կունենա, որովհետև հաշվի առնելով այն հանգամանքը, որ կոռուպցիոն սխեմաները դաժան պատժվում են և կպատժվեն, չեմ կարծում, որ իրենց մեջ այդքան անխոհեմ մարդիկ կգտնվեն, նույնիսկ եթե հոգով-սրտով կոռուպցիոներ են, նման ճանապարհով գնան. ո՞վ է առյուծի սիրտ կերել, որ նման քայլի գնա»,- ասաց նա:
Այդուհանդերձ Մանուկյանը դեռևս չի կարող հստակ պատասխան տալ, թե ինչպես է ստացվել, որ միայն պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների բյուջեն նախորդ տարվա համեմատ ավելացել է 1 մլրդ 232.9 մլն դրամով: «Ես նույն հարցերը կտամ և ապա կպարզաբանեմ ձեզ, թե ինչու է այդպես»,- խոստացավ ավագանու անդամը:
Նա վստահ է, որ բոլոր հարցերին պատասխաններ կտրվեն, ինչպես տոնածառի դեպքում էր, երբ շատ էին դժգոհություններն ու բողոքները, թե ինչու է 70 մլն դրամ հատկացվել:
«Այդ ժամանակ ես խնդրեցի պարզաբանումներ, հանդիպում կազմակերպեցինք խմբակցության անդամների, քաղաքապետի տեղակալների մասնակցությամբ: Ես վրդովված գնացել էի, որ հաշիվ պահանջեմ, նրանք բացատրեցին, որ տոնածառը մոտակա 8 տարվա համար է, մոտավորապես 2,5 անգամ թանկ է, քան ամեն տարի ծախսվում է նախկին տոնածառի համար, երբ կտրվում են կենդանի ծառեր: Բացի դրանից, գումարը նորը գնելու համար խնայվել է 2800-ամյակը նշելու գումարներից, այսինքն՝ իրականում այդ տոնածառը մեզ վրա համարյա ոչինչ չի նստել և այնպիսի տոնածառ է, որ հանրությանը մոտակա 8 տարում հաճելի կլինի, գեղեցիկ է, և ես իմ հարցերի պատասխանն ունեցա՝ հասկանալով, որ խնդիրն այն է, որ ուղղակի պետք է հանրությանը ներգրավել հաշվետվության մեջ, որպեսզի նման հարցեր չառաջանան. այս դեպքում նույնպես այդ խնդիրը գուցե կա»,- ասաց նա:










