Վրացական ընդդիմությունը դեկտեմբերի 18-ից բողոքի անժամկետ զանգվածային ցույցեր կսկսի
Վրացական «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր դաշինքը դեկտեմբերի 18-ից բողոքի անժամկետ զանգվածային ակցիաներ կսկսի, ինչի մասին հայտարարել է դաշինքի առաջնորդներից Վրաստանի նախագահի նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, գրում է «Кавказский узел»-ը:
Ընդդիմադիր գործիչը հավաստիացրել է, որ ցույցերը լինելու են խաղաղ ու անցնելու են գործող օրենսդրության շրջանակում:
Ցուցարարները հանդես կգան արտահերթ խորհրդարանական ընտրությունների ու ընտրական վարչակազմի շտապ փոփոխման պահանջով:
Ընդդիմադիրները նաև պահանջում են պատժել նախօրեին՝ նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողության օրը ընդդիմադիր ակտիվիստների վրա հարձակված անձանց:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Վրաստանում կայացել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը, որում ձայների 59,56 տոկոսով հաղթել է «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող անկախ թեկնածու, Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին:










