ՌԴ-ն Սիրիայում կրկին հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր է արձանագրել

02:58 • 18.12.18

Իդլիբյան դեէսկալացիայի գոտում գործող զինյալները բազմիցս գնդակոծել են սիրիական Լաթաքիա և Համա նահանգներն ու Հալեպ քաղաքը: TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնը:

Կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Սոլոմատինի խոսքով՝ մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են գրանցվել Համայի և Լաթաքիայի մի շարք բնակավայրերում, ինչպես նաև Հալեպի տարբեր թաղամասերում:

Նա նաև հայտնել է, որ երկրի իշխանությունները շարունակում են նախագահի հրամանի համաձայն համաներում շնորհել զինվորական ծառայությունից խուսափած անձանց: Այս պահի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 17 782 մարդ:

Բացի այդ, Սիրիայում շարունակվում են ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնման աշխատանքները: Սոլոմատինի խոսքով՝ 2018 թվականի դեկտեմբերի 16-ի դրությամբ «վերականգնվել է 30 866 բնակելի տուն, 712 կրթական հաստատություն և 118 բուժհաստատություն», վերանորոգվել են մի շարք ավոտճանապարհներ՝ ընդհանուր 939 կմ երկարությամբ: